Հայ զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել Հայաստանը՝ Ահարոնյանի նամակը Արամին. 2 հունիսի, 1918թ

Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նամակը Երևանի ազգային խորհրդին

2 հունիսի, 1918թ

… Հայտնել ենք Վրաց կառավարությանը, որ Հայոց կառավարությունը կազմելուց [հետո] Ազգային խորհուրդը մեկնելու է Երևան: Վրացիները պահանջեցին պալատից. մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են: Հայ և թուրք Ազգային խորհուրդները մի մի պատվիրակ են տվել բոլոր մինիստրությունների մեջ՝ պետական գույքը բաժանելու համար, ինչպես և նոր կտրվող դրամը: Հայ և թուրք պատվիրակները միասին ժողովներ են ունենում՝ մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու այս խնդրում, քանի որ երկուսի շահերն էլ ընդհանուր են: Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անջատվելով՝ հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով մոտենալ են փորձում իրար: Գուցե՞ այս ճանապարհը մեզ ավելի նպաստավոր լինի և թուրքերի (ադրբեջանցի) շնորհիվ հաջողվի մեզ տաճիկների (Օսմանյան թուրքերի – ԱՆԻ) վայրագությունը մեղմել և ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությունը:

Շատերս կարծում ենք, որ մեր հարևան մահմեդականների հետ բարեկամական հարաբերություն մշակելով, անկեղծորեն ավելի հավատարիմ դաշնակիցներ գուցե չունենանք, քան եղան վրացիները:

… Վրաստանը նույնպես ընդունել է (Օսմանյան կայսրության – ԱՆԻ) ուլտիմատումը՝ կորցնելով Բաթումը և Ախալցխան իրենց շրջաններով: Նրանք վայելում են գերմանական հովանավորությունը և դրանով ապահով են զգում իրենց թուրքական գրավումներից և լծից:

Ձեր կռիվների մասին (նկատի ունի Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան – ԱՆԻ) իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից: Չգիտենք՝ որքան ճշմարիտ են, համենայն դեպս, թեև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու տաճիկները Կովկասը բաժանում են Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ հայերին ապահովելով սոսկ ֆիզիկական գոյություն: Պետք է կարծել, որ մեր զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել մի Հայաստան:

Նախագահ Հայոց Ազգային խորհրդի՝ Ա. Ահարոնյան

Քարտուար՝ Ն. Աղբալյան

ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 11, թ. 1-2: Պատճեն: Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 42-43, կազմող՝ Համո Սուքիասյան

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից