Իսկ Դուք գիտեի՞ք՝ ողջ Անդրկովկասում անգամ անասնաբուծության գիտության ՀԻՄՆԱԴԻՐԸ հենց այս ՀԱՅՆ Է. ո՞վ է մեր հայրենակիցը և ի՞նչ է արել

Հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր Ալեքսանդր Հայրապետի Քալանթարը 1875 թվականին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879 թվականին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան։ 1882-1883 թվականներին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դանիայում։ 

Եղել է Ռուսաստանում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը ևայլն։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոսական աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ 1883 թվականից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը։ 1905-1907 թվականների ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը։

Քալանթարը զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նամալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկյանի նամակները», 1891, 1893, «Մանրանկարներ», հ․ 1 — 2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտեսական տեղաշարժերը, երիտասարդության ձգտումները և այլն։ Պայքարել է ռեալիստական գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆմանի և ուրիշ հեղինակների ստեղծագործություններ: