Հարդագողի ճանապարհը՝ աներևակայելի ԳԱԼԱԿՏԻԿԱՆ նկարագրվել է անգամ ԿԱՆՏԻ և ամերիկացի աստղագետ Հարլոու Շեփլինի կողմից. Այն ապշեցրել է երկուսին էլ.

Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում։ Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ թույլ լույսով։ 1609 թ.՝ երբ Գալիլեյն աստղադիտակով դիտեց այդ գոտին, վերջնականապես պարզ դարձավ, որ այն բաղկացած է բազում հեռավոր աստղերից։

7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է. «խիստ աստեղք են բազումք, նուազք և յոյժ ընդ աղօտ երևմանէն միաւոր լոյսն տեսանի»։ Ծիր Կաթինը մեկնաբանելու փորձ է արել Կանտը։ Մոլորակային համակարգի առաջացման իր վարկածի նմանությամբ՝ նա համարել է դա պտտվող գազային սկավառակից առաջացած սկավառակաձև աստղային համակարգ, որի առանցքի շուրջը պտտվում են աստղերը, իսկ հեռավոր միգամածություններն էլ, հավանաբար դրանցից դուրս գտնվող նմանատիպ համակարգեր։

Մինչև 1920 թ․ շատ աստղագետներ կարծում էին, որ Ծիր Կաթինում է գտնվում տիեզերքի բոլոր աստղերը։ 1920 թ. ամերիկացի աստղագետ Հարլոու Շեփլին, չափելով գնդաձև աստղակույտերի հեռավորությունները, եզրակացրեց, որ Ծիր Կաթինը շատ ավելի մեծ է, քան կարծում էին մինչ այդ, և Արեգակն էլ նրա կենտրոնում չէ։ Էդվն Հաբլին անելով դիտումներ ցույց տվեց, որ Ծիր Կաթինը միակ գալակտիկան չէ։ Ծիր Կաթինը ունի մի քանի արբանյակ գալակտիկաներ և կազմում է գալակտիկաների Տեղական խմբի մաս, որն էլ իր հերթին հանդիսանում է Կույս գալակտիկաների գերկույտի մաս։