ԱՆՎԱՆԻ ՀԱՅ նկարիչ, ում փառքը թնդում էր ՓԱՐԻԶՈՒՄ և ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. նրա գործերն այսօր պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում. ճանաչու՞մ եք

Հանրահայտ նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Բոգդանի Յակուլովը (Յակուլյան Գևորգ) ծնվել է 1884 թվականին Թիֆլիսում:

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893-1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում (1901-1903)։

1903 թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, երփնագրի և գրաֆիկայի բնագավառներում։ «Ձիարշավ» (1905), «Աքաղաղներ» (1907), «Կաֆե՜շանտան» (1912) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների։

1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914)։

Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։ Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։

1914 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի։ 1917 թվականին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին։

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատեր. թանգարանում։