ՀԱՅՐԵՆԱՍԵՐ գործիչ, բանահավաքների ու ազգագիրների ՌԱՀՎԻՐԱՆ, ով թուրքի քթի տակ փրկում էր ողջ մնացած ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ՆՐԱ գործը պարտավոր ենք իմանալ

Հակ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանը փրկեց իր երկրի մշակույթը ոչնչացումից:

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։

Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։ Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։