Ինչո՞ւ է Կանայանը ՎՐԱՑՅԱՆԻ ավարտական թեզը մակագրում «Հույժ գովելի». Ինչպես է ՀՀ առաջին ՆԱԽԱԳԱՀԻ մոտ երաժշտական հմտություններ արթնանում.

Հայրենի գյուղում, ուր ընտանիքը շուտով վերադառնում է, Ս․Վրացյանի առաջին ուսուցիչը եղավ Խաչիկ վարժապետը, որը դասավանդում էր գյուղական Ս․ Համբարձումյան ծխական դպրոցում։ Լավ երգում էր և վայելում գյուղացիների սերն ու հարգանքը։ Գյուղի տարրական նախակրթարանն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակում է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Հուշագրության էջերում նա երախտագիտությամբ է հիշում թեմականում սովորելու տարիները, հատկապես դպրոցում տիրող ավանդապաշտ հայկական ոգին․ հանդեսներում արտասանում էին Գամառ Քաթիպայի հրաշունչ ազատության երգերը։ Սիրված երգերն էին «Ծիծեռնակ», «Արի, իմ սոխակ» և այլն։

1900 թվականներին Վրացյանը իբրև նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձության որդեգիր՝ ընդունվում է Գևորգյան ճեմարանի դպրոցական բաժնի 4-րդ դասարանը։ Ճեմարանի լսարանն ավարտում է 1906 թվականին։ Նրա ավարտական թեզի՝ «Ղրիմի հայերի գաղթականությունն ու պատմությունը» աշխատանքի վրա ճեմարանի բազմամյա ուսուցիչ Ս․ Կանայանը մակագրում է «Հույժ գովելի»։ Ս․ Վրացյանը «գովելի» գնահատականով ճեմարանն ավարտելով՝ ստանում է մանկավարժ-ուսուցչի որակավորում (որը համազոր է մեր ժամանակի բարձրագույնին)։

Ճեմարանում Վրացյանն աշակերտում է 20-րդ դարի առաջին տասնամյակների լավագույն հայ գիտնական, հասարակական, գրական գործիչ-մանկավարժների, Եվրոպայի և Ռուսաստանի մանկավարժական, գիտական օջախներում կրթություն ստացած առաջադեմ գաղափարներով տոգորված հայրենասերների։ Դրանք էին Մ․Աբեղյան, Հ․Մանանդյան, Գ․Հովսեփյան,Կ․ Տեր-Մկրտչյան,Կոմիտաս, Ս․ Կանայան և այլն։