Այս ՀԱՅ մանկավարժը աշխատել է Շուշիում, Թիֆլիսում, Մոսկվայում, նույնիսկ Բաքվում և այլ քաղաքներում. ճանաչե՛ք արժանի ՀԱՅԻՆ, ով իր եկամուտը տրամադրում էր ՀԱՅԿԱԿԱՆ նորաբաց դպրոցներին

Հայ մանկավարժ, խմբագիր Խորեն Ստեփանը (Ստեփան Հարությունի Ստեփանյան) ծնվել է 1840 թվականի հունիսի 5-ին Թիֆլիսում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը, ապա ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որից հետո էլ Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը։

Թիֆլիս վերադառնալուն պես զբաղվել է մանկավարժությամբ։ Հիմնել է Մարիամյան օրիորդաց դպրոցը և Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցը (1869թ.)։ Մի քանի տարի հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» ամսագիրը։

Դասավանդել է Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) վանական ժառանգավորաց և ծխական դպրոցներում, եղել է Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, աշխատել է Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում։

Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900թթ մեկուսացվել է հրատարակչական գործունեությունից և ուղարկվել Նոր Նախիջևանի Սբ. Խաչ վանքը, որի հրատարակություններից ստացած եկամուտը տրամադրել է Կիլիկիայի և Վանի հայկական նորաբաց դպրոցներին։ Զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ:

«Հյուսիսափայլում» տպագրվել է «Իշխան Բագրատունի» գրական կեղծանունով: Կատարել է թարգմանություններ, փոխադրություններ։ Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» նրա կատարած աշխարհաբար թարգմանությունը։ Մահացել է 1900 թվականի նոյեմբերի 14-ին Թիֆլիսում: