Հիշո՞ւմ եք Հայաստանի առաջին հանրապետության Հանրային ԿՐԹՈՒԹՅԱՆ նախարար ՎԱՀԱՆ ՄԻՆԱԽՈՐՅԱՆԻՆ. Փաստեր ՆՐԱ կյանքից.

Հայ քաղաքական գործիչ, սոցիալ-հեղափոխական կուսակցության անդամ Վահան Մինախորյանը ծնվել է 1884 թվականին Գանձակ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի առևտրի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Բաքու, որտեղ Հայ հեղափոխական դաշնակցության համար հիմնել է ընդհատակյա հրատարակչություն և կազմակերպել գործադուլներ։ Ռոստոմից հրաման ստանալով` մեկնել է Սամսուն, աշխատել տեղի հայկական դպրոցում։ Կարինում մասնակցել է ՀՅԴ 8-րդ համաժողովին։ Հայոց ցեղասպանության ժամանակ Սամսունի հայ բնակչության հետ միասին տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրության հարավային շրջաններ, սակայն կարողացել է փախչել, որի մասին հիշողությունների հիման վրա գրել է «Արհավիրքի օրեր» գիրքը։

Հետագայում միացել է Սոցիալ-հեղափոխական կուսակցությանը, 1918 թվականից եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Ազգային ժողովի անդամ։ 1919 թվականին սոցիալ-հեղափոխական կուսակցությունից Արշամ Խոնդկարյանի հետ հակադրվել են ՀՅԴ՝ Երևանի նահանգում մուսուլմանական ապստամբությունները զսպելու համար կանոնավոր բանակ օգտագործելու որոշմանը, սակայն հաջողության չեն հասել։

1920 թվականի նոյեմբերի 23-ին Սիմոն Վրացյանի կառավարության կազմում նշանակվել է Հանրային կրթության նախարար և պաշտոնը զբաղեցրել 1920 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Մասնակցել է Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին, եղել է պատվիրակության անդամ։ 1921 թվականի փետրվարի 18-ից եղել է Փրկության կոմիտեի անդամ։ 1921 թվականին անցել է Պարսկաստան, այնուհետև՝ Պրահա, 1934 թվականին՝ Բելգրադ։ Մահացել է Բելգրադում, 1946 թվականին։