«Վաթսունհինգ տարին շուտով լրանում, Էն դառն օրերը հեչ չեմ մոռանում, Ինչ լաց ու կոծով թողինք ամեն բան». Սիլվա Կապուտիկյանի մոր հուշերը գաղթի ճանապարհից

Մայիսի 26-ը Վանի հերոսամարտի օրն է:

Սիլվա Կապուտիկյանի մայրը՝ Լիա Կապուտիկյանը, օժտված լինելով գրական ձիրքով, հետաքրքիր հուշեր է թողել Վանի մասին, իսկ գաղթը նկարագրել է «Վանի մեր նահանջ» հուզիչ վիպերգով: Այս գործը և մյուս հիշողություւները բան. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանը ներառել է «Վանի հերոսամարտը ըստ վերապրողների» գիտական իր գրքում:

Վիպերգը ամբողջությամբ՝ ստորև.

1-ին լուսանկարում բանաստեղծուհու մայրն է, 2-րդում` հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը (վերևում՝ ձախից):
ԼԻԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
ՎԱՆԻ ՄԵՐ ՆԱՀԱՆՋ

Վաթսունհինգ տարին շուտով լրանում,
Էն դառն օրերը հեչ չեմ մոռանում,
Ի~նչ լաց ու կոծով թողինք ամեն բան,
Ծուռ կովի հույսով ընկանք մենք ճամփան:

Պետք է շուտ փախչել, նահանջ է ասին,
Հետ է գալիս, տե'ս, վայրագ թշնամին,
Անխնա ջարդում մեծին ու փոքրին,
Վրեժ է լուծում հերոսամարտին:

Սև գաղթի ճամփան փշոտ ու քարոտ,
Գնում ենք, գնում, չգիտենք թե ուր,
Կհասնե°նք արդյոք փրկության շեմին,
Թե° կյանքը կտանք մահվան չար բախտին:

Ես չեմ մոռանում. նահանջի ճամփին
Որդեկորույս մայրը տալիս է գլխին,
Մայրը փնտրել էր, գտել զավակին,
Արդեն մեռած էր ոտքերի տակին:

Սև գաղթի ճամփին ընկած ջահել կին,
Իր վեց երեխեք շարվել են կողքին,
Խնդրում, աղաչում, լալիս դառնագին
Մեռած մորն են խնդրում գնան միասին:

Ամուսինը տեսնում է, որ հիվանդ կինը
Չի կարող քայլել, մեռնում է ճամփին,
Քաշում ատրճանակը ու սպանում կնկան.
Ինքն երեխոց հետ գնում է ճամփան:

Հայրը տեսնում է, ոչ մի պայմանով
Չի կարող փրկել կյանքը աղջկա,
Որպեսզի նրան չգերի թշնամին,
Հայրը իր ձեռքով հանձնում է գետին:

Խեղճ մայրն ի°նչ անի երեք որբուկին,
Որ սոված, ծարավ քայլում են կողքին,
Բանդիմահու գետն անցած միջոցին,
Երեքն էլ մեռան ոտքերի տակին:

Բանդիմահու գետ, հենց նրա ափին,
Մինուճար աղջկան փախցրեց թշնամին,
Մի ռուս զինվոր սպանեց այդ քրդին,
Ջահել աղջկան հանձնեց ծնողքին:

Բանդիմահու գետն անցած միջոցին
Թշնամին գերեց շատ ու շատերին,
Տարավ, բաժանեց իրենց քրդերին:
Մոռցան ազգություն և հայոց լեզուն,
Բանդիմահու մոտ, կամուրջի կողքին
Լսվեց ահեղ ձայն` դառն ու ողբագին,
Ջահել հարս, աղջիկ իրեն նետեց գետ,
Արդեն փակված է ճամփու արահետ:

Ավելի լավ է գետում խեղդվել,
Քան թե թշնամուն գերի ընկնել:
Կարկուտի նման իրենց գցին գետ,
Որ գնան, լողան մեծ ձկների հետ:

Բանդիմահու գետ, հրեշ կատաղած,
Երեսուն հազար կուլ տվիր մարդկանց,
Ինչպես մարսեցիր, ինքդ էլ չիմացար,
Անմեղ զոհերին արդյոք ո°ւր տարար:

Խեղճ հայրս մեզի բերեց Երևան,
Վարձեց շատ փոքրիկ մի բնակարան,
Ավա~ղ,  մեկ շաբաթ նա հանգիստ չարեց,
Անգութ մահն իսկույն մեզնից բաժանեց:

Հորս իրերից որպես հիշատակ
Մնացել է ինձ լոկ մի թաշկինակ,
Ու ամեն անգամ վրան նայելիս,
Հիշում եմ քաղցրիկ օրերն անցյալիս:

Վաթսունհինգ տարին շուտով լրանում,
Գաղթի դառն օրերն հեչ չեմ մոռանում,
Այդ չար սարսափը մնաց իմ սրտում.
Միշտ նույնն եմ տեսնում գիշերն երազում:

Կուզեմ հավաքել հագուստներս բոլոր,
Ոչինչ չեմ գտնում, մնում եմ մոլոր,
Հանկարծ զարթնում եմ, տեսնում երազ է,
Երազի սարսափ սիրտս կմաշե:

Տասն և հինգ թիվը մահվան ուրվական,
Ամբողջ հայությանն արեց ցիր ու ցան
Մեծ ու փոքր մեռան կորան անխտիր:
Այսպես է հայի սև ճակատագիր:

Իսկ թուրք ասկյարը, նստած իր գահին,
Խիստ տեր է դարձել մեր հող ու ջրին,
Բայց գիտեմ. մի օր մեր խիզախ որդիք
Կվերցնեն ետ, չեն թողնի մոտիկ:

Ապրիլի 24, վաթսունհինգ տարեկան,
Հայոց ողջերի դու հայոց մատյան,
Ինչպե°ս մոռանանք օրը եղեռնի,
Կենդանի վկան սգո հուշերի:

Գրի եմ առել շատ չնչին չափով,
Ինչ որ տեսել եմ սեփական աչքով.
Կենդանի վկա ահեղ օրերի,
Սգո հուշարձան շատ զոհվածների:

Սիլվա Կապուտիկյանի տուն — թանգարան / Silva Kaputikyan Home-Museum