«Վախ, վախ, զավակներս ձեռքե կերթան» որն էր ՎՐԱՑՅԱՆԻ մոր անհանգստության պատճառը. Ինչո՞ւ էր ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆԻ ընտանիքը կրում ԳՅՈՒՌԶԱՆ ազգանունը.

Հայ հասարակական-քաղաքական, ազգային պետական գործիչ, դաշնակցական ղեկավար Սիմոն Վրացյան (Սիմավոն Ղազարոսի Գռուզյան) եղել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։

Սիմոն Վրացյանը ծնվել է 1882 թվականի մարտի 24-ին Ռոստովի մերջակայքում՝ Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում, Ղրիմից գաղթած գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը հարուստ, բայց աղքատացած Մերկյան Քերոբի ժառանգներից էր՝ չարքաշ հողագործ և վարձու աշխատավոր։ Ավելի ուշ, երբ տնից հեռու էր, հայրը՝ Ղազարոսը, Նոր Նախիջևանում իջևանատուն ուներ և ապրում էր ավելի բավարար նյութական պայմաններում։ Ղազարոսի ընտանիքը կրում էր Գռուզյան (Գրուզյան) ազգանունը, համաձայն ընտանեկան ավանդության «գռուզ» (գանգուր) մազեր ունենալու պատճառով, որը դպրոցում դարձավ Գրուզինյան, ապա թարգմանվեց հայերեն՝ Վրացյան։

Ընտանիքի կազակական բնակավայր տեղափոխվելու պատճառով՝ Ս․Վրացյանը սկզբնական կրթությունը ստացել է ռուսական դպրոցում, մի հանգամանք, որը չափազանց վշտացրել է ավանդապահ ու հավատացյալ մորը։ Ինչպես վկայում է Սիմոն Վրացյանն իր հուշերում, մայրն անընդհատ կրկնում էր․ «Վախ, վախ, զավակներս ձեռքե կերթան», իսկ երբ հայրը նրան տանում է ռուսական դպրոց, մոր վերջին խոսքը լինում է «Նայե , հայնակ չմոռնաս»։