«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». վայելեք Համո Սահյանի «Օրը մթնեց»-ը ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համո Սահյան՝ «Օրը մթնեց» 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի կատարմամբ
Օրը մթնեց, ժամն է արդեն 
Իրիկնահացի, 
Տխրությունս կամաց-կամաց 
Փոխվում է լացի: 
 
Իջնում էին խոհուն, խոնարհ 
Դեզերի ուսին 
Մի կաթնահունց երկնակամար, 
Մի ծերատ լուսին: 
 
Մեկը մեկից ամաչելով, 
Եվ զուսպ, և հավաք, 
Նստում էին մերոնք կարգով- 
Կրտսեր ու ավագ: 
 
Նստում էին և սպասում 
Մինչև պապը գար, 
Մինչև բակում Ծաղիկ եզան 
Զանգը ծլնգար: 
 
Պապը գալիս, սուփրի գլխին 
Նստում էր շուքով, 
Եվ լցվում էր տունը դաշտի 
Բույր ու շշուկով... 
Ու երբ տատս ձեռքն էր առնում 
Շերեփը իր հին, 
Գդալները բնազդաբար 
Աղմկում էին: 
 
Թանապուրի տաք գոլորշին 
Գերանին առնում 
Եվ սյունն ի վար գլոր-գլոր 
Ուլունք էր դառնում: 
 
Վայելում էր տաք թանապուր, 
Լավաշ ու սամիթ 
Աշխարավոր մի գերդաստան՝ 
Պարզ ու միամիտ... 
 
Հիմա այդ մեծ գերդաստանից 
Ոչ մեկը չկա... 
Ես եմ մնում լոկ իբրև հուշ 
Եվ իբրև վկա: 
 
Օրը մթնեց, ժամն է արդեն 
Իրիկնահացի, 
Տխրությունս կամաց-կամաց 
Փոխվում է լացի: