«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պարույր Սևակի «Պարապություն»-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարույր Սևակ՝ «Պարապություն»  
Կարդում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը
Չգիտեմ ի՞նչ անեմ 
Պատեպատ եմ զարկվում: 
Հազար բան եմ տնտղում` կույրի նման, 
Ու հասկացած նրա ինչ-ինչոցը` կրկին 
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտեմ` ի՞նչ անեմ: 
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս 
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից: 
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ 
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար 
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում` 
Ճակատս սեղմելով մտածում եմ, 
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային 
Ճաղի արանքներից լուռ հածում է 
Իմ հայացքը տարտամ: 
Պատացել է մութը արդեն վաղուց: 
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին` 
Լույս զվարթ եմ երգում իմ մտքի մեջ 
Եվ Առավոտ լուսո: 
Սա էլ գործ է, հարկա՛վ, 
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ, 
Իմ ուժից վե՜ր մի գործ: 
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման, 
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում, 
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից 
Ձեռքերս սկսում են լուռ մտածել...