«Աֆղանական պատերազմի ու Քառօրյայի մասնակից էր. այս անգամ էլ «Արծիվ մահապարտների» հետ հասավ Արցախ». Գնդապետ Մխիթարը մինչև վերջ թև թիկունքի կռվել է

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ կյանքը հայրենիքի համար չխնայած անմահներից ևս մեկին ճանաչեք. Մխիթար Խաչիկի Աղջոյան:

Մեր Հերոս Մխիթարը գնդապետ էր, հայոց բանակի սպաների մեջ առաջիններից էր, որ կանգնեց իր զինվորի կողքին ու մինչև վերջ կռիվ տվեց՝ նրանց թև թիկունք դառնալով

Մխիթարը ծնվել է 1964 թվականին Ջավախքի Մեծ Արագյալ գյուղում: 2 զավակների հայր էր: Նա ծառայել է Խորհրդային բանակում, եղել է Աֆղանական պատերազմի մասնակից, որտեղ մեծ հերոսություն է ցուցաբերել ու թեժ մարտերի ժամանակ նաև ծանր վիրավորում էր ստացել: Նա նաև Ապրիլյան Քառօրյայի մասնակից էր:

Իր գործի գիտակը 44-օրյայի հենց առաջին օրերից կամավոր մեկնել է առաջին ճակատ ու տղերքին հետ հավասար կռիվ է տվել: Սեպտեմբերի 30-ին «Արծիվ մահապարտների» հետ մեկնել է Արցախ ու ծանր մարտեր մղել Հադրութում:

Հենց այստեղ էլ մինչև վերջին փամփուշտը կռվել է ու զոհվել ծանր մարտերի ժամանակ:

Մխիթար Աղջոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: