ՐԱՖՖՈՒ՝ նյութական սարսափելի զրկանքների մեջ հայտնվելու մասին քչերը գիտեն. միայն իմանաք՝ ինչ է ստիպված եղել անել գրողը գոյությունը պահպանելու համար

Հայ մեծ գրող Րաֆֆու կյանքում եղել են տարիներ, երբ նա նյութական սարսափելի զրկանքների ու հոգեկան դժնդակ տառապանքների է ենթարկվել, սակայն լռել ու համբերատար կրել է այդ բեռը: Միայն մեկ անգամ է գրողը դրա մասին խոսել՝ պատահածը պատմելով իր բարեկամներից մեկին. «Ինչու՞ թաքցնեմ, ես այն աստիճան հացի կարոտ մնացի Թիֆլիսում, որ օրվա կարիքն ինձ ստիպեց մի հասարակ գործակատարի պաշտոն ընդունել մի մագազինում, այն էլ ոչ իսկական գործակատարի, այլ պարզապես դուքանչու աշակերտի պաշտոն մի չնչին ռոճիկով: Օրվա հացս գտնելու համար հանձն առա այդ ստորությունը: Մագազինում պատրաստի հագուստներ էին վաճառում, ես շորերը հագցնում էի հաճախորդներին, քղանցքներից բռնելով, քաշքշելով հարմարեցնում էի և սուտ գովաբանություններ էի անում, որ մուշտարուն ձեռքիցս չփախցնեմ: Մի անգամ մի երիտասարդ ծանոթի մի քանի իրեղեններ նիսիա էի վաճառել, այդ օրը քիչ էր մնում, որ ինձ մագազինից դուրս վռնդեին: Ախ, որքան զզվելի պաշտոն էր այդ և որքան անտանելի…»: