«Երբ ՆԱ երգում է բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են ու փառաբանում Աստծուն». ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅՈՒՀԻՆ, ով երգեց Փարիզի Աստվածամոր տաճարում. ճանաչեցի՞ք

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար…»:
Ամենայն հայոց կաթողիկոս ՎԱԶԳԵՆ Ա

Սվետլանան, որ հետագայում հայացնելու էր իր անունը՝ դառնալով Լուսինե, իր Շուշան տատի հետ հաճախ էր գնալու եկեղեցի, լսելու հոգևոր երգեր: Եվ դպրոցահասակ տարիքից երգելու էր տանը, հարեւանների հարկի տակ, դպրոցում, ընկերուհիների մոտ, որտեղ պատահեր: Ասել է թե՝ նախախնամությունն այդպես էր կամեցել՝ ապրել երգով: Հետո, երբ ընտանիքով տեղափոխվում են Երեւան, ուսանում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ ավարտում մայրաքաղաքի մայր երաժշտանոցը: Ցանկությունն էր՝ երգել Մայր տաճարի երգչախմբում եւ այդ նպատակով ռուսախոս երգչուհին խնդրում է իր առաջին ուսուցչին՝ Հրանտ Գեւորգյանին, թույլ տալ իրեն այնտեղ երգելու: Ուսուցիչը չէր կարող մերժել աստվածային ձայնով օժտված իր սանին եւ դիմում է Վազգեն Ա կաթողիկոսին: Պատասխանը բացասական էր: Գեւորգյանը ելք է որոնում եւ գտնում է՝ Կոմիտասի «Տեր ողորմեայի» բառերը գրում է ռուսերեն տառերով, որպեսզի Լուսինեն կարողանա սովորել: Եվ առաջին ելույթը Մայր տաճարում. Վեհափառն հիացած էր, երգչախմբին անդամագրվելն՝ ապահովված: 

Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինե Զաքարյանը կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց եւ դարձնել համաժողովրդական, որը այդ ժամանակներում անհանր բան էր: Հոգեւոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային կենարար օդի պես:

Հատուկ իր համար «Վոկալիզը» գրեց Առնո Բաբաջանյանը, հայ և այլազգի բանաստեղծները երգեր ձոնեցին, իսկ նրա հոգեթով երգի ձայնագրությունները մտան համաշխարհային երաժշտության ձայնադարան, այդ թվում՝ «Ավե Մարիա» ալբոմ: Ցավոք, վաղ դադարեց աստվածային շնորհով օժտված անզուգական երգչուհու սիրտը՝ ընդամենը 55 տարեկան հասակում: Ամենայն հայոց վեհափառը մեծ ցավով ասաց. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա… Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ՝ երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել…»:

Ամփոփենք բանաստեղծ Լեւոն Միրիջանյանի գրառումով. «Հռոմի պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն…»: