ԽորհրդաՀԱՅ վերջին ֆիլմն ու առաջին բազմասերիանոց կինոնակարը, որը ստեղծվեց պատերազմի ու երկրաշարժի կողքին. իսկ Դուք դիտե՞լ եք տխուր ճակատագրի արժանացած ֆիլմը

Առնոլդ Աղաբաբովի «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը նկարահանվեց խորհրդային և անկախ Հայաստանների սահմանագծին։ Սահմանագծային այս ֆիլմը խորհրդահայ վերջին ֆիլմն է, բայց միևնույն ժամանակ հայկական առաջին բազմասերիանոց կինոնակարը։ Այն կյանքի կոչվեց ի հեճուկս մեր նորաստեղծ երկրի առջև ծառացած խնդիրների, բայց արի ու տես, որ հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով նկարահանված ֆիլմը գրեթե անծանոթ մնաց հայ հանդիսատեսին:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի նկարահանող խումբը կինօպերատոր Լևոն Աթոյանցի գլխավորությամբ Սպիտակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձունքներից մեկում համայնապատկեր էր նկարահանում։ Դեռ նոր էին սկսել աշխատանքները, երբ օպերատորական տեսախցիկը ցնցվեց, խմբի անդամները նույն այդ տեսախցիկի նման ոտքի վրա հազիվ մնացին։ Այդ պահին բոլորը հասկացան, որ երկրաշարժ է, բայց դեռ չգիտակցեցին, որ ավերիչ աղետի ականատեսն են։

Առնոլդ Աղաբաբովը գլխավոր հերոսուհու ՝ Անտիկի դերակատարման համար բազմաթիվ դերասանուհիների փորձեց ու ի վերջո ընտրությունը կանգ առավ Սունդուկյանի անվան մայր թատրոնի երիտասարդ դերասանուհի Աննա Էլբակյանի վրա: Առնոլդ Աղաբաբովի և Աննա Էլբակյանի առաջին հանդիպումը հարթ չանցավ։ Անձնակազմից շատերը գտնում էին, որ ասֆալտի վրա մեծացած աղջիկը չի կարող գյուղի աղջկա կերպարը մարմնավորել, բայց Աղաբաբովը բոլորին դեմ գնաց ու գլխավոր հերոսուհու դերը նրան վստահեց:

1992 թվականին Առնոլդ Աղաբաբովը ավարտում է «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի նկարահանումները։ Որոշ ժամանակ անց «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում ֆիլմի պրեմիերան։ Դահլիճում ներկա ռուս կինոգործիչներից շատերը չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը, որ Առնոլդ Աղաբաբովին և նկարահանող խմբին հաջողվեց աշխատանքները ավարտին հասցնել` ի հեճուկս պատերազմող երկրում առկա դժվարությունների:

«Որտեղ էիր, մարդ Աստծո», բազմասերիանոց ֆիլմը վերջինն էր Առնոլդ Աղաբաբովի ստեղծագործական կյանքում։ Այս ֆիլմով ռեժիսորը սերիալային կուլտուրայի բարձր նշաձող սահմանեց, սակայն, դժբախտաբար, հեռուստատեսությունը չգնահատեց այն. ֆիլմը հազվադեպ է հայտնվում էկրաններին։ 2012 թվականին, ֆիլմի էկրան բարձրանալուց 20 տարի անց միայն, այն նորից հիշվեց «Հայակ» մրցանակաբաշխության շնորհիվ։ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը երկու մրցանակ ստացավ. Աննա Էլբակյանը ճանաչվեց «Լավագույն դերասանուհի», իսկ ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն սցենար» անվանակարգում։ Ցավոք, Առնոլդ Աղաբաբովը այդպես էլ իր ֆիլմի հաջողության ականատեսը չդարձավ, նա կյանքից հեռացավ 20-21- րդ դարի սահմանագծին` 1999- ին։