«Իմ նախնիները Արգենտինա են տեղափոխվել 1915-ին, Ցեղասպանությունից վերապրածներ են». 27-ամյա ՀԱՅՈՐԴԻ Ալեքսիսը Արգենտինայից տեղափոխվել է ՀԱՅԱՍՏԱՆ

27-ամյա Ալեքսիս Վիգեն Մուրադյանը, որ ծնվել և մեծացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, 2021-ին կարճաժամկետ այցով Հայաստան գալուց հետո հասկացել է, որ Հայաստանից դուրս իր կյանքը չի պատկերացնում։

«Արգենտինայում ես 100 տոկոսով երջանիկ չէի զգում, լավ չէի զգում»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Ալեքսիսի ընտանիքն ապրում է Արգենտինայում, նշում է՝ ինքն էլ Բուենոս Այրեսում գտնվող գերմանական մի կազմակերպությունում ֆինանսական վերլուծաբան է աշխատել.

«Ես աշխատում էի, ունեի լավ կյանք, բայց միշտ ինչ-որ բան պակասում էր՝ սիրտս ու միտքս հանգստություն չուներ»։

Ալեքսիսը որոշում է գալ Հայաստան ու հայրենիքում գտնել այն, ինչ պակասում էր ծննդավայրում։ 

«Իմ նախնիները Արգենտինա են տեղափոխվել 1915-ին, Ցեղասպանությունից վերապրածներ են։ Իմ մեծ մայրս ու հայրս, ծնողներս այնտեղ են ապրում։ Բայց իմ մեջ միշտ հանգստություն չկար, գալով էստեղ՝ ես հանգստություն գտա, մանավանդ պատերազմից հետո միտքս այստեղ էր, շատ մտահոգված էի մեր հայրենիքի համար։ Գտա «Դեպի Հայք» ծրագիրը, մի քանի ընկերներ ունեի, որ այդ ծրագրով եկել էին, որոշեցի՝ ես էլ գամ»,- ոգևորված պատմում է Ալեքսիսը։

Հայաստան 4 ամսով գալ պլանավորելով՝ Ալեքսիսը չէր պատկերացնում, որ 4 ամիսը կդառնա 6, այնուհետև՝ մեկ տարի, իսկ հետո կորոշի, որ ուզում է մշտական բնակություն հաստատել։

«Առաջին գաղափարն էր, որ չորս ամիս եմ մնալու, հետո երկարացրել եմ ևս երկու ամիս, 6 ամիսը լրանում էր, հետո ասեցի՝ գործ կգտնեմ, կմնամ։ Birthright Armenia-ից ինձ օգնեցին աշխատանք գտնելու հարցում, և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում աշխատանքի անցա»,- պատմում է Ալեքսիսը, որը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում հանձն է առել փորձագետի պաշտոնը, իսպանախոս համայնքների հետ է աշխատում՝ պետություն և համայնքներ կապն ամրապնդելու նպատակով։

Ալեքսիսն ասում է, որ Հայաստանում իրեն ամենաշատը դուր են եկել մարդկանց ջերմությունը, ամեն քայլափոխի հայերեն խոսակցություն լսելը, հայրենակիցներին փողոցում տեսնելը: 

Եթե մինչև Հայաստան գալը Ալեքսիսի համար Հանրապետության հրապարակն ու Արարատը հնարավոր էր միայն նկարներով տեսնել, այժմ հրապարակով քայլելը ու Արարատին նայելը Ալեքսիսի առօրյայի մասն է կազմում։

«Ես ամեն օր արթնանում ու քայլում եմ փողոցներով, չեմ կարողանում հավատալ, որ սա իմ ամենօրյա տեսարանն է, որ սա իմ ամենօրյա իրականությունն է»,- իր տպավորություններն է ներկայացնում Ալեքսիսը։

Ալեքսիսն ասում է՝ փոքր հասակից մեծացել է հայկական միջավայրում, ընտանիքում միշտ խրախուսել են հայերեն խոսել, հայրենիքի հանդեպ սերը սերմանվել է և՛ տանը, և՛ հայկական դպրոցում, և՛ համայնքում։ 

«Ես միշտ հետաքրքրված եմ եղել իմ արմատներով, Արգենտինայում կյանքը լավ է, այո՛, բայց ես, որ դրսից եմ գալիս, գիտեմ, որ Հայաստանը շատ լավ տեղ է ապրելու համար՝ անվտանգ է, բնությունը սիրուն է, մարդիկ շատ ջերմ են, դժվար խնդիրներ կան, մանավանդ Արցախի պատերազմից հետո այս պահին, բայց բոլոր տեղերում դժվարություններ կան»,- ասում է Ալեքսիսը։ 

Ալեքսիսն ասում է, որ ինքը Հայաստանում դժվարություններ միայն սկզբում է ունեցել՝ եղանակին հարմարվելու, հայերենով սահուն արտահայտվելու, բնակարան գտնելու հարցում, սակայն դրանց մասին գրեթե չի հիշում, ասում է՝ ամեն տեղ դժվարություններ լինում են, բայց հայրենիքը որևէ տեղ չես գտնի։

«Այստեղ որ եկա, եղանակը շատ ցուրտ էր ինձ համար, ամառն էլ՝ շատ շոգ, Արգենտինայում ավելի մեղմ է։ Սկզբում ոչ մեկին չէի ճանաչում, ասում էի՝ աշխատանք, տուն թողել եմ, ի՞նչ եմ անում այստեղ, հետո ժամանակը ինձ ցույց տվեց, որ ամենալավ ընտրությունն էր։ Արդեն հանգիստ էի, կան բաներ, որ փողով չես կարող առնել՝ հայրենիքդ, ընկերներդ»,- ասում է նա։

Ալեքսիսը Հայաստան գալով կամավորական աշխատանք է կատարել Մերգելյան ինստիտուտում, ասում է՝ տպավորված է հայկական ստարտափներով և ՏՏ էկոհամակարգով։

Առհասարակ, Ալեքսիսն ասում է՝ չէր պատկերացնում, որ կտեսնի Հայաստանն այնպիսին, ինչպիսին կա: 

«Ինձ զարմացրել է, որ Հայաստանը շատ առաջ է, օրինակ՝ շատ հեշտ եմ բացել բանկային հաշիվս, տեսնում եմ՝ ինչպես են մարդիկ պտտվում սկուտերներով, ես տեսել եմ ստարտափ էկոսիստեմը, տեսել եմ՝ ինչքան լավ պրոյեկտներ կան, չգիտեի, որ էսքան մեծ ու զորավոր էկոսիստեմ կա, շատ հպարտանալու առիթ էր ինձ համար»,- նշում է Ալեքսիսը։

Ալեքսիսի խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում եղել է, բոլոր մարզերում սիրել ու հավանել է կոլորիտը, մարդկանց, նպատակներից է, որ հեռավար աշխատանք ունենալու դեպքում Երևանից դուրս նաև բնակվի, կարողանա տարբեր մարզերում որոշ ժամանակով ապրել։ Սակայն ցավով նկատում է, որ Երևանից դուրս կյանքը խիստ տարբերվում է․ 

«Չգիտեմ՝ պատճառն ինչն է, բայց Երևանից դուրս ես գալիս, փող չկա, գործ չկա, ենթակառուցվածքներ չկան»։

Ալեքսիսի ցանկությունն է, որ Հայաստանը երազանքի երկիր ստեղծելու համար բոլորն իրենց ներդրումն ունենան՝ սփյուռքի հայերը և տեղացիները. «Մենք պետք է դնենք մեր փորձը, միտքը, բայց՝ այսօր, այս պահին, պետք չէ սպասել»։ 

Ալեքսիսն ասում է՝ ընտանիքի անդամները միայն քաջալերում են Հայաստանում հաստատվելու իր որոշումը։ Ասում է՝ մեծ հայրն ու մեծ մայրը արդեն ծեր են, ընտանիքի բոլոր անդամներով տեղափոխվելը իրատեսական չէ, սակայն Ալեքսիսը որոշել է՝ իր ընտանիքը Հայաստանում է կազմելու և այստեղ է բնակվելու։

Կամավորական աշխատանք կատարելիս Ալեքսիսը հանդիպել է ապագա կնոջը, ասում է՝ չէր պլանավորել, չէր փնտրում, բայց գտավ։

«Որ եկա, ասեցի՝ առաջին չորս ամիսը ոչ մի աղջիկ չպիտի փնտրեմ, չէի ուզում, բայց առանց փնտրելու եկավ։ Հիմա ինքն ապրում է Ամերիկայում, եկել էր Birthright ծրագրով, ինքն էլ է ուզում գա Հայաստան, որպեսզի մեր ճանապարհները էստեղ միավորենք»,- շողացող հայացքով ապագայի ծրագրերի մասին է պատմում Ալեքսիսը։

MediaLab.am