ՀԱՅՈՒՀԻ Ժակլինը՝ բալետի պրիմա պարուհին. տեսեք, թե իր անունով ինչ է պատրաստվում ՆԱ ստեղծել

– Սիրելի Ժակլին, օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեւական ընդմիջումից հետո ներկայացվեց Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ ձեր խորեոգրաֆիայով ու լիբրետոյով «Երազ» ներկայացումը, որն, ի դեպ, եթե չենք սխալվում, 2013-ից թատրոնի խաղացանկում է։ Ինչո՞վ կբացատրեք ներկայացման «արձակուրդը»։ Եվ սա այն դեպքում, երբ ներկայացումն ընթանում է ավազային անիմացիայի զուգորդմամբ, որի հեղինակն ու անիմատորը Աննա Ամասն է։ Մի բան էլ. մեր դիտարկմամբ՝ աշխարհում ավազային անիմացիայով կան ոչ միայն դրամատիկ, այլեւ օպերային, բայց ոչ բալետային ներկայացումներ։

– Գիտեք, որ երբ երկար ժամանակ ինչ-ինչ պատճառներով ցանկացած խաղացանկային ներկայացում չի խաղացվում, հրավիրվում է ներկայացման ռեժիսորը՝ այն վերականգնելու։ «Երազը» մինչեւ 2017թ. խաղաշրջանների ընթացքում 2-3 անգամ ներկայացվում էր։ 2014-ից Լիբանանի Համազգայինի հրավերով Բեյրութում էի, որտեղ հանդիսանում էի «Նիկոլ Աղբալյան» եւ «Լեւոն Շանթ» գեղարվեստի կենտրոնների, «Գայանե» պարի դպրոցի ու «Քնար» պարախմբի գեղարվեստական ղեկավար, հաճախ էի այցելում Երեւան, քանի որ ներկայացման մեջ մարմնավորում էի գլխավոր հերոսուհու կերպարը։ Իսկ հետո, երբ հրաժեշտ տվեցի մեծ բեմին, դա 2016-ին էր, ձեր խոսքերով՝ ներկայացումը գնաց «արձակուրդ»։ Եվ միայն 3 տարի անց՝ 2019-ին, վերականգնեցի «Երազը», ընդ որում՝ ամբողջովին նոր զգեստներով, դիզայներ-անիմատոր Աննա Ամասի հետ քննարկումների արդյունքում ավազային անիմացիան էլ ենթարկվեց փոփոխությունների։ Հիմա լրացել է Լիբանանի Համազգայինի հետ կնքած պայմանագրիս ժամկետը, որը համընկավ ԿԳՄՍ նախարարության եւ օպերային թատրոնի տնօրինության հրավերին՝ «Երազը» վերականգնելու առաջարկով։ Ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդ ներկայացումը կկայանա հունիսի 21-ին։ Այս անգամ էլ գլխավոր հերոսուհու կերպարով կներկայանա Նարե Մարկոսյանը, որին թե գործընկերներս, թե հանդիսատեսը նմանեցնում են ինձ։

– Հավաստի՞ են խոսակցությունները, թե հունիսի 1-ից՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվանից Երեւանում անցել եք աշխատանքի, դասընթացներ եք վարում երեխաների հետ, ինչի փորձը դուք տարիներ շարունակ ձեռք եք բերել Լիբանանում։

– Անձնական նախաձեռնությամբ խորեոգրաֆիայի դասեր եմ վարում 5 եւ բարձր տարիքի երեխաների հետ։ Ի դեպ, սաներիս թվում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ ռուս, ամերիկացի, ուկրաինացի։

– Հավանաբար տեսանելի ապագայում կհանդիպենք ձեր սաների մասնակցությամբ ու ձեր ռեժիսուրայով մանկական բեմադրությունների։ Գիտենք, որ լիբանանյան ձեր գործունեությունը հարուստ է նման ներկայացումներով։

– Այո, այնտեղ բեմադրել եմ մի շարք մանկական ներկայացումներ, այդ թվում՝ «Մի կաթիլ մեղրը», «Մաուգլին», «Մոխրոտը», «Շչելկունչիկը» եւ այլն։ Ի դեպ, «Մի կաթիլ մեղրը» եւ «Մոխրոտը» բեմադրություններն իրականացնելու համար հրավիրել էինք Աննա Ամասին, որն իր ավազային ու լազերային անիմացիաներով իսկապես զարմացրեց լիբանանցի հանդիսատեսին։ Կուզեի, որ այստեղ էլ հնարավորություն ընձեռվեր իրականացնելու երեխաների սիրելի հեքիաթներից «Մի կաթիլ մեղրը», որտեղ կմասնակցեին Երեւանի պարարվեստի քոլեջի սաները նույնպես։ Ես եւ համադասարանցիներս 9 տարեկանից սկսած մասնակցել ենք մեր օպերային թատրոնի ներկայացումներին՝ «Գայանե», «Ճպուռն ու մրջյունը», «Ձյունե թագուհին» եւ այլն։ Չեք պատկերացնի, թե դա ինչ փորձառություն է քոլեջի սաների համար։

Ավելին՝ տասը տարեկանում ես եւ քոլեջի որոշ սաներ մեր օպերային թատրոնի բալետային խմբի հետ մեկնեցինք Մոսկվա, բեմ բարձրացանք «Բոլշոյ» թատրոնում, ներկայացնելով Մաքսիմ Մարտիրոսյանի խորեոգրաֆիայով «Վալս-կապրիզը»։ Դա 1985-ին, Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում էր։ Պատկերացնո՞ւմ եք իմ եւ տարեկիցներիս ոգեւորությունը, որ «Բոլշոյում» նույն երեկո բեմ բարձրացան նաեւ ճանաչված անուններ Գեղամ Գրիգորյանը, Լուսինե Զաքարյանը եւ այլն։ Այո, կուզեի իրականացնել մանկական ներկայացում, պատրաստվում եմ այդ գաղափարը փոխանցել մեր թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանին։

– Մեր անվանի արվեստագետներից երբ հետաքրքրվում ենք՝ զբաղվո՞ւմ են բիզնեսով կամ՝ իրենց արտասահմանցի՝ դարձյալ անվանի արվեստագետների մեծ մասի նման, բեմից հեռանալուց հետո մտադրություն չունե՞ն դրանով զբաղվելու, այդ հարցը նրանց կամ զարմացնում է, կամ էլ խուսախում են պատասխանել։ Օրինակ, վերջերս հեղինակավոր թատրոնների սպասված ու ցանկալի հյուր օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանը հարցին ի պատասխան կարճ ու կոնկրետ ասաց՝ իմ բիզնեսն իմ արվեստն է։ Իսկ դո՞ւք ինչպես կպատասխանեք։

– Ես չեմ խուսափի ու կպատասխանեմ այսպես. ճիշտ է, ես բիզնեսի մարդ չեմ, բայց անցյալ տարի ամառանոցում ամուսնուս հետ («Բարեկամություն» անսամբլի նախկին մենապարող եւ փորձավար Կարեն Մակինյան- Ս.Դ.) ավանդական եղանակով խաղողից գինի պատրաստեցինք, որը մեր ընկերներին շատ դուր եկավ։ Այդ ժամանակ միտք հղացավ, որն առաջին անգամ եմ բարձրաձայնում. ինչու չարտադրել «Ժակլին» ապրանքանիշով գինի։ Մոտ ապագայում կզբաղվեմ դրանով։ Իսկ երբ հասնենք արտադրության, կհրավիրեմ շնորհանդեսի, բնականաբար՝ ներկաները կհյուրասիրվեն, ես էլ անհամբեր կսպասեմ նրանց կարծիքներին։