Գիտե՞ք, թե ինչ թյուրիմացություն է տեղի ունենում ՄԻԼԱՆՈՒՄ, որի պատճառով ձերբակալում են ԾԵՐԵՆՑԻՆ․ Փաստեր ՆՐԱ կյանքից․

Հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր Ծերենցը (Հովսեփ Հակոբի Շիշմանյան) ծնվել է 1822 թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թ. մեկնել է Կովկաս, այցելել Արևելյան Հայաստան։ 1848 թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։

1849 թ. Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերությունը»։ 1852 թ. Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թ.՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։

1853 թ. փետրվարին Կ.Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853 թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։