«Այս ուսանող-պրոֆեսորը ոչ միայն գիտի այն բոլորը, որ արդեն գրել եմ, այլև այն բոլոր տողերը, որ դեռ նոր պիտի գրեմ»․ գիտե՞ք՝ ում մասին է նման բան ասել ՇԻՐԱԶԸ

Հ. Շիրազը նման բան ասել է իր ձեռագրերի ժառանգորդը դարձած պրոֆեսոր Սամվել Մուրադյանի մասին։ Ահա, թե ինչ են պառտմում նրա հուշերը գրողի մասին։

Շիրազի հետ ունեցել ենք 25 տարիների մտերմություն նրա կենդանության օրոք և արդեն 38 տարիների մտերմություն՝ նրա վախճանից հետո: Հենց Շիրազն է պատճառ դարձել, որ ես Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ուսանողից դառնամ բանասիրության ֆակուլտետի ուսանող: Երբ ես ուսանող էի, Շիրազը տեխնիկումի տնօրենին հարցրեց.

 -Քանի՞ ուսանող ունիք:

— 400,- ասաց տնօրենը:

 -399-ը՝ քեզ, 1-ը՝ ինձ,- պատասխանեց Շիրազը:

Այդպես մենք դարձանք մտերիմներ, և ես սկսեցի ուսումնասիրել Շիրազի ձեռագրերի աշխարհը, անգամ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք անգիր գիտեի (մեր ծանոթությունից առաջ ես գիտեի նրան՝ որպես բանաստեղծի):

Նա ամեն տարի կարդում էր «Վերք Հայաստանի» վեպը և հատկապես Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 20-ից հետո, ինձ զանգահարում կամ գրում էր. «Ինձ չխանգարե՛ք, «Վերք Հայաստանի»-ն պիտի կարդամ»: Երբ ավարտում էր, լուր էր ուղարկում, որ վերջացրել է, գնամ՝ զրուցենք: Երևանի փողոցները չափչփելով՝ ամեն տարի խոսում էինք «Վերք Հայաստանի» վեպի մասին: Ինքը սկսում էր արտասանել առաջին տողից մինչև վերջին տողը, իսկ երբ հոգնում էր, ասում էր. «Դե՛, շարունակե՛»:

1966 թվականի այս լուսանկարում պատկերված են բանաստեղծը և Ս. Մուրադյանը: Լուսանկարն արվել է Ե․ Չարենցի անվան դպրոցի աշակերտության և ուսուցիչների հետ Հ. Շիրազի և Ս. Մուրադյանի հանդիպումից հետո։ Ս. Մուրադյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է բանաստեղծին և նրա «Հայոց դանթեականը» դատաստանամատյան-պոեմը:

Հավաքված ժողովուրդը տեսնում էր Շիրազին ու մի պատանու՝ նրա կողքին: Ասում էին. «Սա էն խելառ Շիրազն է, հասկացանք, բա այս երիտասարդը մեղկ չէ՞, որ ընկել է սրա խելքին»:

Աբովյան քաղաքում՝ Կինոյի տանը, մի հանդիպման ժամանակ, երբ Շիրազին հարցրին, թե որտեղից գտավ Սամվել Մուրադյանին (այդ ժամանակ ես բանասիրականի 2-րդ կուրսի ուսանող էի), ասաց. «Սամվել Մուրադյանն իմ մտերիմն է, իմ հարազատը, իմ զավակն է, որովհետև այս ուսանող-պրոֆեսորը ոչ միայն գիտի այն բոլորը, որ արդեն գրել եմ, այլև այն բոլոր տողերը, որ դեռ նոր պիտի գրեմ»:

Շիրազի մահից հետո ես ձեռնամուխ եմ եղել նրա շատ ստեղծագործություններ հրատարակելու գործին, օրինակ՝ 2011 թվականին ԵՊՀ հրատարակչությամբ՝ «Անի» պոեմը, 2014 թվականին՝ «Թոնդրակեցիները» անտիպ պոեմը, «Հուշարձան հայրիկիս» գիրքը, «Անտիպ էջեր» շարքը. 3 գիրք լույս է տեսել, 4-րդը պատրաստվում է տպագրության: Հաջողվեց հրատարակել նաև «Հայոց դանթեականը» պոեմը:

Մինչ օրս էլ շարունակվում է Շիրազի ձեռագրերի ուսումնասիրությունը: Կատարվել է հետազոտական մեծ աշխատանք, որի հիման վրա կարող է հրատարակվել ակադեմիական լիակատար ժողովածու:

Հովհաննես Շիրազը բարդ բնավորություն ուներ. ամեն մարդու հետ ընկերություն չէր անում, բոլոր ընկերների հետ վիճում, խռովում էր՝ բացի Սուրեն Աղաբաբյանից, Խաչիկ Դաշտենցից ու… ինձնից:

Շիրազը շատ լավ գիտեր՝ ով է ինքը…