Գիտե՞ք, թե ինչպես է պատասխանում ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ «Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը» հարցին․

Անահիտ Ադամյանի և Գոհար Գասպարյանի հարցազրույցից մի հատված ․

«Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը» հարցին Գոհար Գասպարյանը պատասխանում է.

-Եթե կուզեք իմանալ՝ արվեստը հենց քաղաքականություն է, որովհետեւ գործունեության այն տեսակն է, որի նպատակը մարդկանց այս կամ այն գաղափարը, հույզը, տրամադրությունը ներշնչելն է:

Երբ Երեւանում են գտնվում աշխարհի շատ երկրների դեսպանատներ, նրանց ներկայությունը պարտավորեցնում է մեզ իրենց երկրներին հավասար արվեստ ունենալ: Առաջ մենք չափազանց կաշկանդված էինք: Ինչ Մոսկվան ասում էր՝ օրենք էր: Իմ փորձով գիտեմ: Նույնիսկ մեր դերացանկն էր Մոսկվան հաստատում:

Արտասահմանում ինձ հարցնում էին՝ ո՞ր օպերան եք ներկայացնում: Ասում էի՝ Հայաստանի: «Բայց մեզ ասել են, որ Դուք Մեծ թատրոնից եք»: «Ոչ» ասում էի: Եթե հայրենիքդ Սովետական Միությունն էր, թատրոնն էլ Մեծ թատրոնը պիտի լիներ, բայց ես հայ էի, իմ թատրոնն ունեի, իմ անունը իմ երկրի պատմության հետ էր: Արվեստագետի քաղաքականությունը իր արվեստն աշխարհին ներկայացնելը եւ իր արվեստին տեր լինելն է: