ՀԱՅ պետական գործիչ՝ ով դարձավ արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ․ ՆԱ մշակել է նաև ՕՍՄԱՆՅԱՆ և ՀԱՅ ազգային սահմանադրությունը․

Պետական գործիչ, հրապարակախոս ԳՐԻԳՈՐ ՕՏՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է քաղաքական գործիչ, մանկավարժ Պողոս Օտյանի որդին, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի հիմնադիրներից։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր հիմնած դպրոցում։ Ուսումը շարունակել է Փարիզում, ականատես եղել 1848թ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխությանը, որը զգալի ազդեցություն է գործել նրա գաղափարական ձևավորման վրա։ ։ Եղել է լուսավորական-սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։

1861-64թթ սահմանազատվել է դեմոկրատիզմի դիրքերում գտնվող Հ.Սվաճյանից, ընդհանուր ճակատ կազմել պահպանողականների հետ և արտահայտվել սահմանադրական շարժումն արգելելու օգտին։ Հրապարակախոսական հոդվածներ է տպագրել «Մասիս», «Մասյաց աղավնի», «Մանզումեի էֆքյար», «Մամուլ», «Երկրագունտ» և այլ պարբերականներում։ 1875-76թթ Միդհաթ փաշայի հետ մասնակցել է 1876թ. Օսմանյան սահմանադրությանը։

1878թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին Կ.Պոլսի հայոց պատրիարքության հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ։ Բացասաբար է գնահատել միջազգային դիվանագիտության շահարկության առարկա դարձած Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ի ծավալած հալածանքների պայմաններում, 1880թ. վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Մամուլում հանդես է եկել նաև «Վահրամ» կեղծանունով։ Մահացել է Փարիզում, թաղվել է տեղի Պերլաշեզ գերեզմանոցում։