ՀԱՅ բարեգործ ու հասարակական գործիչ, ով դարձավ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԸ. նա իր գրքի հասույթի գումարով Արևմտյան Հայաստանում բացեց է 12 մանկատուն-ապաստարան

Հայ հրապարակախոս, հասարակական գործիչ Գրիգոր Ավետի Ջանշյան ծնվել է Թիֆլիսում՝ 1851 թվականի մայիսի 17 (29)-ին։ Սովորել է տեղի ռեֆորմատական ծխական, ապա՝ Հայկական ծխական դպրոցներում, այնուհետև՝ Թիֆլիսի նահանգային գիմնազիայի նախապատրաստական դասարանում։ 1864 թվականին մեկնել է Մոսկվա, ընդունվել Լազարյան ճեմարան, որն ավարտել է արծաթե մեդալով։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1874 թվականին։

Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, պայքարել դեմոկրատական, բարոյական, իրավական նորմերի կենսագործման համար։ Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) պատմահրապարակախոսական աշխատությամբ։

Լինելով «Ռուսկիե վեդոմոստի»-ի («Русские ведомости») հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցելով ռուսական գրականության հասարակական կյանքին՝ Ջամշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և վերջիններիս ազատագրական պայքարի վրա։

1893 թվականին Ջանշյանը («Դիև» ծածկանունով) լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ գրել է, որ հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1894-1896 թվականների հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (հ. 1-2, 1897-98, ռուսերեն) ժողովածուն, որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար։ Ստացված գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան։