ՀԱՅ-չինական սերը՝ Շանհայում. ինչպես ՀԱՅՈՒՀԻ Անին տեղափոխվեց Չինաստան և կազմեց գեղեցիկ ընտանիք

Ասիական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, դորամաներ դիտելը (արևելյան հեռուստասերիալներն այդպես են անվանում), Չինաստանում գտնվող ընկերների՝ երկրի մասին գրավիչ պատմությունները տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Անի Թադևոսյանին Երևանից տեղափոխել են Չինաստան, որտեղ էլ հանդիպել է իր սիրուն՝ ազգությամբ չինացի Կորոյին։

Անին Չինաստան՝ Շանհայ քաղաք էր մեկնել աշխատանքի նպատակով, աշխատում է որպես անգլերենի ուսուցիչ։ Մեծ հետաքրքրություն ունենալով սպորտի հանդեպ՝ Չինաստանում նաև մարզասրահ է հաճախել, որտեղ էլ եղել է ճակատագրական հանդիպումը։

«Ես մարզասրահս փոխեցի, ու նոր մարզասրահում իմ մարզիչը Կորոն էր»,- ժպտում է Անին ու նշում՝ մարզումների ընթացքում էլ հասկացել են, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ, շփումն ու հանդիպումները դարձել են ավելի պարբերական, և որոշել են 2019-ին օրինականացնել իրենց հարաբերությունները և ամուսնանալ։

«Ինձ համար արտաքինը նշանակություն ունի, Կորոն բավականին գրավիչ, մարզված արտաքին ունի, առաջին հայացքից իմ արտաքինն էլ իրեն է գրավել, հետո, երբ սկսեցինք իրար ավելի լավ ճանաչել, բնավորության գիծ, մոտեցում, ընդհանրություններ գտանք ու էլ ավելի հավանեցինք»,- պատմում է Անին ու ասում՝ հանդիպման առաջին իսկ օրից շատ է տպավորվել Կորոյի վերաբերմունքով, ուշադրությամբ, հոգատարությամբ։

«Ինձ շատ գրավեց այն փաստը, որ թե՛ խոսքի, թե՛ պահվածքի մեջ շատ զգույշ էր, ոչ մի ավելորդ քայլ չէր անում, փորձում էր հնարավորինս հասկանալ՝ ես ինչպես եմ մտածում, ինչ հետաքրքրություններ ունեմ, ու, ամենակարևորը ուշադրությունն էր թե զանգերի, թե նամակների տեսքով, թե նվերների, ինչու չէ, նաև առողջությամբ հետաքրքրվելով, երբ վատառողջ եմ եղել, ինձ համար միրգ է գնել-բերել և այլն»։

Անին ասում է՝ միշտ չի բացառել օտարերկրացու, հատկապես ասիացու հետ ամուսնությունը, քանի որ իրեն գրավել են ոչ միայն նրանց արտաքինը, այլև մտածելակերպի տարբերությունները։ Անին ասում է՝ թե՛ իր, թե՛ ամուսնու ընտանիքը ջերմորեն է ընդունել ընտանիք կազմելու իրենց որոշումը։

Անին ամուսնու հետ հարաբերությունների, Չինաստանում կյանքի, առողջ ապրելակերպի, սպորտի մասին գրառումներով կիսվում է նաև Ինսթագրամի իր միկրոբլոգում, որտեղ շուրջ 20․000 հետևորդ ունի։

Անին նշում է՝ հարաբերություններում կարևոր չէ՝ ամուսինը օտարերկրացի է, թե նույն ազգից, որպեսզի ընտանիքը ներդաշնակ լինի, էական են հաղորդակցումը, միմյանց տեսակետները հասկանալը, հարգելը, ընդունելը։ Անին ու Կորոն շփվում են անգլերենով։

«Բոլորս էլ տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածելակերպ ունենք, շատ հարցերի առնչությամբ մենք մեր տեսակետն ենք ունենում, ու տարաձայնություններից խուսափել հնարավոր չէ, միայն հաղորդակցման ժամանակ է հնարավոր միմյանց տեսակետը հասկանալ ու ընդհանուր որոշման հանգել»,- ասում է Անին։

medialab.am