Թուրքիայի սահմաններում գտնվող տարածքում գտնվել է ԳՈՂԱՑՎԱԾ 500-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ գերեզմանաքար. ահա, թե որտեղ է այն

Ներկայում Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Դերսիմ (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Թունջելի) նահանգում գտնվել է անցյալ տարի պատմական մի վայրից գողացված և որոնման մեջ գտնվող հայկական գերեզմանաքարը։

Աղբյուրի համաձայն՝ խոյի գլխով պատկերը կրող այդ գերեզմանաքարը գողացվել էր Դերսիմի կենտրոնին ենթակա Չըլգա գյուղի՝ մոտ 500-ամյա հնությամբ գերեզմանոցում անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա մասին Դերսիմի թանգարանային տնօրինությանը հայտնել էին տեղի բնակիչները։ Թանգարանի իրավասուներն էլ դիմել էին Թանգարանային գլխավոր տնօրինությանը, դատախազությանը և անվտանգության ուժերին։

Մոտ 200 կգ ծանրությամբ այդ գերեզմանաքարը նկատվել էր Դերսիմի Բուզլուփընար գյուղում, մի լքված տան հետնամասում։ Այն ծածկված էր եղել այլ քարերով, որպեսզի աննկատ մնար։ Համապատասխան մարմիններն այն գտնելուց անմիջապես հետո տեղափոխել են թանգարան։

Ի դեպ, թուրքական և թուրքալեզու լրատվամիջոցները չեն նշում գերեզմանաքարի հայկական լինելու մասին։ Սակայն գերեզմանաքարի վրա փորագրված պատկերներն ապացուցում են նրա հայկականությունը։

Հիշեցնենք, որ այժմյան Թուրքիայի ամենամեծ նահանգներից մեկը եղող Դերսիմն ընդգրկում է պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը։