«Թռչնի ստամոքսից ՀԱՅԿԱԿԱՆ դրոշի գույները կրող ինը քարեր են դուրս եկել». ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը ձեզ կապշեցնի

1921 թվականի փետրվարյան մի օր Ադանայի դաշտերում մի քուրդ որսորդ էր քայլում: Լսեց վայրի բադի կռինչը, հրացանն ուղղեց ու կրակեց: Թռչունն ընկավ անշնչացած: Որսորդը իր ավարը տուն բերեց, հանեց դանակը և պատրաստվում էր թևավորից ընթրիք պատրաստել, երբ հանկարծ…
Այն, ինչ նա տեսավ, հաջորդ օրը դրա մասին խոսում էին բոլորը և նույնիսկ լրագրող այցելեց որսորդին, որ հետո տեղական թերթում գրեր. «… Թռչնի ստամոքսից Հայկական դրոշի գույները կրող ինը քարեր են դուրս եկել: Այդ քարերից երեքը կարմիր էին, երեքը՝ կապույտ, իսկ երեքը՝ նարնջագույն: Նրանք սրտի ձև ունեին և հավասար մեծության էին…»:
Որսորդը, տեսնելով որ իր գտածոն զարմանք ու հիացմունք է առաջացրել, քարերը տարավ ոսկերիչների մոտ: Վերջիններս բարձր գնահատեցին դրանք, սակայն այդպես էլ չկարողացան հստակ գին սահմանել: Իսկ բնակիչները պատահածի մեջ խորհրդավոր նախանշան էին փնտրում ու տագնապով սպասում էին վերահասին:
Այս զարմանահրաշ պատմությունն անցել-գնացել է: Բազում-բազում դրոշներ են ծածանվել ու ցած բերվել, որսորդներ են կրակել ու թռչուններ են թևաբախել: Բայց նրանցից միայն մեկին հիշեցինք, քանի որ ծանրաբեռ էր իր սլացքի ժամին ու ձմռան մշուշի միջով տանում էր մեր քարե դրոշը: