«Ես ողջ կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց ՀԱՅԵՐԻ համար իմ արածները կյանքումս ամենաթանկ են». ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ով դարձավ «Եգիպտոսի ՓԱՐԱՎՈՆ», բայց ՀԱՅ մնաց

«Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց, որ հայ եմ: Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարեւոր գործերն են…»:

Նուբարը ծնվել է Իզմիրում: Նրա հայր Մկրտիչը Դավիթ Բեկի զինակից զորահրամանատար Նուբարի ժառանգներից էր, իսկ մայրը՝ Մուհամմեդ Ալիի նախարար եւ անձնական քարտուղար Պեղոս բեյ-Յուսուֆյանի հարազատ քույրը:

Եգիպտոսի ապագա վարչապետը, շնորհիվ վաճառական հոր շահախնդիր նախաձեռնության, փայլուն կրթություն է ստանում Շվեյցարիայի եւ ֆրանսիական հեղինակավոր ուսումնական հաստատություններում եւ Եգիպտոս վերադառնալով՝ 1845-ին նշանակվում այս երկրի կուսակալ Աբբաս փաշայի անձնական քարտուղար: Մի քանի տարի անց նա արդեն Եգիպտոսի առաջատար պետական եւ քաղաքական գործիչների շարքում էր: Ասվածի հավաստումն է եւ այն, որ երկրի կառավարիչ Աբբաս 1-ին փաշան հենց նրան է ուղարկում Լոնդոն՝ պաշտպանելու Եգիպտոսի եւ Մուհամմեդ Ալիի ընտանիքի իրավունքները թուրքական սուլթանի պահանջներից: Նուբարը հաջողությամբ կատարում է հանձնարարությունը՝ այդուհետ արժանանալով Նուբար բեյ կոչվելու պատվին:

1878 թվականին փորձառու քաղաքական գործիչն ու դիվանագետը նշանակվում է երկրի վարչապետ՝ առաջինը Եգիպտոսի պատմության մեջ: Ի դեպ, տարբեր տարիների այդ պաշտոնը նա զբաղեցնելու էր երեք անգամ՝ ընդհուպ մինչեւ 1895 թվականը: Այդ շրջանի նրա ձեռքբերումներից ամենաակնառուն երկրի դատական համակարգի բարեփոխումներն էին լինելու:

Nubar Pasha.jpg

Անկախ պետական կարեւոր գործերում ծանրաբեռնվածությունից, իր արմատներին հավատարիմ գործիչը զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ իր հայրենակիցների ճակատագրով: Նախաձեռնել է Թուրքիայից Եգիպտոս հասած հայ գաղթականների օգնությունը, գումարներ հատկացրել հայատառ պարբերականների հրատարակման համար, հիմնել դպրոցներ, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունների տպագրություն, ազգաշահ այլ ձեռնարկումներ: Իսկ 1878-ին կազմել եւ Բեռլինի կոնգրեսին է ուղարկել թուրքական լծի տակ կեղեքվող հայության վիճակը բարելավելուն միտված իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին:

«Նուբար փաշան ժամանակակից եգիպտական քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից նա մի գլուխ բարձր է իր մրցակիցներից…»: