Հիշո՞ւմ եք ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆԻՆ․ ՆԱ հիմնեց «Արարատյան ընկերությունը», դարձավ արևմտահայության ՈԳԻՆ․ Տեսե՛ք թե ինչեր է արել․

Գրող, փիլիսոփա, մանկավարժ ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆ ծնվել է Կեսարիայի գավառի Էվքերե գյուղում: Հաճախել է Կեսարիայի նախակրթարանը, իսկ 1829թ-ից՝ Սկյուտարի Սբ. Կարապետ եկեղեցու վարժարանը։ 1844թ. ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ։ Ուսումնառության տարիներն անցել են 1848թ. ֆրանսիական հեղափոխության նախապատրաստման ու իրագործման շիկացած մթնոլորտում։ 1849թ. Փարիզում,  Ծերենցի գործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր «սատարել Հայաստանի առաջադիմությանը»՝ հայ ժողովրդին լուսավորելու, համախմբելու և ազգային ու սոցիալական ազատությունների համար պայքարի ոգեշնչելու ճանապարհով։ 1851թ. բժշկագիտության դոկտոր դարձած վերադարձել է Կ.Պոլիս։

Եվրոպական քաղաքակրթությանը ժողովրդին հաղորդակից դարձնելու նրա ձգտումը համահնչուն էր հայկական երիտասարդ բուրժուազիայի իդեալներին։ Իր համախոհներ Գրիգոր Օտյանի, Նիկողոս Պալյանի, Սերովբե Վիչենյանի և այլոց հետ ձեռնամուխ է եղել արևմտահայ ազգային կյանքը նորովի կազմակերպելու իր ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծված գրական ակումբում, իսկ այնուհետև «Ուսումնական խորհրդում» (1853թ., եղել է նախագահը) ի թիվս մամուլն ընդարձակելու, նոր դպրոցներ բացելու և երկսեռ դաստիարակություն իրագործելու, տնտեսական կյանքի զարգացման համար մասնագետներ պատրաստելու, ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր հրատարակելու և այլ հարցերի՝ ամենակարևորն ու առաջնահերթն է համարել աշխարհաբարի մշակումը։ «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուին» (1853թ.) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել մշակել նրա քերականությունը։

Դրանով սկիզբ է դրվել արևմտահայության մտավոր զարթոնքն ազդարարող գրապայքարին։ 1854թ. Կ.Պոլսի պատրիարքարանը գիրքն արգելել է, բոլոր օրինակներն այրել։ Նույն բախտին է արժանացել նաև նրա «Տարեցույցը» (1854թ.), որով նա առաջարկել է ընդունել ֆրանսիական բուրժուական հեղափոխության տոմարը, հաղորդել պատմական, առողջապահական և այլ բնույթի հանրամատչելի գիտելիքներ, շոշափել հայ ազգային կյանքը դեմոկրատական սկզբունքով վերափոխելու խնդիրներ։ Ավելի ուշ նա այդ հարցերին անդրադարձել է հարստացված «Բնական տարեցույց» երկհատորյակում (1871-72թթ)։ Նրա հասարակական գործունեության առավել բարդ ու տևական շրջանը կապված է արևմտահայության ներքին սահմանադրության ստեղծման հետ: