«Անգլերեն չէր խոսում, բայց նրանից միշտ անպակաս էր ՀԱՅԿԱԿԱՆ թզբեհը» «ՏԻՏԱՆԻԿ»-ից փրկված ՀԱՅԻ պատմությունը, ով Սենթ Քեթրինում հիմնեց ՀԱՅԿԱԿԱՆ առաջին եկեղեցին

«Տիտանիկի» 1317 ուղեւորներն ու անձնակազմի 908 անդամներից յուրաքանչյուրը 1912 թ. ապրիլին իր պատճառն ուներ այնտեղ գտնվելու, սակայն վստահաբար կարելի է ասել, որ 6 հայ ուղեւորները նավ էին նստել Շերբուրից՝ հենց փրկվելու հույսով, գնելով երրորդ կարգի՝ ամենաէժան տոմսերը, ամենաստորին տախտակամածում, եւ, ինչպես հետագայում այդ մասին արտահայտվել է 712 ուղեւորների հետ փրկված երկու հայերից մեկը՝ Նշան Գրիգորյանը, երրորդ դասի նավասենյակում «ճտի նման փակի տակ էր»։ Հայի բախտ էր՝ մի փորձանքից փախչելով, մյուսի մեջ ընկնել…

այերը փախչում էին Օսմանյան կայսրության տեւական հալածանքներից ու վայրագ կոտորածներից՝ լքելով հայրենի գյուղը՝ Քղին, որն Արեւմտյան Հայաստանի Բինգյոլ մարզում էր, Էրզրումի մոտ։ Նշանի հայրը, զգալով հայերի հանդեպ թուրքական քաղաքականության խորացող ատելությունը, որդուն խորհուրդ է տալիս փախչել, գնալ Կանադա, իսկ այնուհետեւ, տեղավորվելուց հետո, այնտեղ փոխադրել  եւ եղբայրներին։ Նշանը համագյուղացիների հետ ընտրում է «Տիտանիկը»՝ «Օլիմպիկ» դասի երկրորդ շոգենավը։ Նշանն այդ ժամանակ 26 տարեկան էր. ծնվել էր 1886 թ. մայիսի 12-ին։ Նշանի փրկված ընկերը՝ Դավիթ Վարդանյանն էլ 22 տարեկան էր՝ ծնված 1890 թ. ապրիլի 15-ին, ում ծննդյան գիշերն էլ հենց «Տիտանիկը» ենթարկվեց աղետի։ Ընկերները, սակայն, ծննդյան մոմեր չէին վառել ու կերուխում չէին անում։ Ստորին՝ F-տախտակամածի E-57 սենյակում, ինչպես վկայում է Նշանը, 1912 թ. ապրիլի 14-ի երեկոյան, զբաղված էին թղթախաղով, իսկ արդեն ժամը 23-ի մոտ պատրաստվում էին քնելու, երբ սառցալեռան բախումից ներս թափվեցին սառցի կտորներ. առաջին պահ դրանք չանհանգստացրին Նշանին, քանի որ փոքր էին, բայց տագնապի ազդանշանը ստիպեց դուրս գալ A-տախտակամած, որի ձախ կողմում 10 փրկանավակ էին իջեցնում։ Նշանն անվարան նետվեց նավակներից մեկի մեջ։ Այդ մասին նավաստի Ֆրենք Էվանսը վկայում է, որ Նշանը դա արեց գիտակցաբար՝ փրկվելու համար։ Թե ինչու է նավաստին դա շեշտել, պարզ չէ, սակայն մեզ համար պարզ է մի բան. Նշանը եւ իր ընկերները հենց փրկվելու համար էլ հայտնվել էին «Տիտանիկում»։ 

Փրկությունը, սակայն, չի մեղմել օրվա սարսափը, որ ողջ կյանքում ուղեկցել է Նշան Գրիգորյանին. ճիչեր, դիակներ ու աղաղկներ: Սակյան ճակատագիրը հեշտ ճանապարհորդություն չէր նախապատերասել նրա համար:  Ափ հասնելուն պես Նշանը՝ թոքերի բորբոքումով, տեղափոխվեց Նյու Յորքի հիվանդանոց, սակայն ապաքինումը լիակատար չեղավ, եւ, Կանադա հասնելով, ստիպված էր կրկին պառկել հիվանդանոցում՝ Օնտարիո նահանգի  Բրենֆորդ քաղաքում… 1918 թ. Նշան Գրիգորյանը փոխադրվում եւ վերջնականապես հաստատվում է Սենթ Քեթրին քաղաքում, հիմնում այնտեղի առաջին հայկական եկեղեցին: Նա այլեւս երբեք նավ չնստեց՝ չարթնացնելու հիշողության տառապալի պատկերները, մահվան հետ մարտնչելու դժոխային սարսափները… Լռակյաց էր, անգլերեն քիչ էր խոսում, փոխարենը նրանից անպակաս էր հայկական համրիչը՝ թզբեհը։ 

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետություն