ՀԱՅ երգչուհի, ով վերապատրաստվել է անձամբ Պավարոտիի մոտ. ՆԱ հանդես է եկել բազմաթիվ հանրաճանաչ բեմերում

Օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը ծնվել է 1976թ. հունիսի 4-ին Երևանում:

1983-90թթ սովորել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-98թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում` ավարտելով նաև ասպիրանտուրան՝ Գոհար Գալաչյանի ղեկավարությամբ: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենակատար:

2000թ. հանդես է եկել Ջ.Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով (առաջնելույթ, դիրիժոր` Օ.Դուրյան): 2000-01թթ վերապատրաստվել է Լ.Պավարոտիի և Մ.Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է Գ.Վիշնևսկայայի (Մոսկվա), Ն.Ֆիգուերի (Բեռլին) վոկալ վարպետացման դասընթացներին:

Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են` Dorothy Chandler Pavilion (2001թ., ԱՄՆ), Konzerthause (2004թ., Բեռլին), Nicolaisaal (2004թ., Պոտսդամ), Handel Hоuse (2004թ., Հալլե), Siemens-Villa (2004թ.), Դոժերի Պալատ (2005թ., Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005թ., Իտալիա), Դ.Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009թ., Սանկտ-Պետերբուրգ) և այլն: 2005թ. կատարել է Բրամսի «Ռեքվիեմը» (դիրիժոր` Ա.Վասսերման, Գերմանիա):

2006թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2006թ. Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Զոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում:

2008թ. հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը: Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում: 2009թ. Հնդկաստանում հանդես է եկել հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սանկտ-Պետերբուրգում երգել է Ե.Օբրասցովայի 70-ամյակին նվիրված գալա-համերգին (դիրիժոր` Ջուզեպպե Սաբբատինի):

2011-12թթ հանդես է եկել Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա) օպերայում: 2011թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված Գալա համերգին: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում:

Արժանացել է մի շարք մրցանակների` «Լիզա» բարեգործական մրցույթի 1-ին մրցանակ (1995թ.), Ա.Կարապետյանի անվան 1-ին հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996թ.), «Բելկանտո» հանրապետական մրցույթի Արաքս Դավթյանի անվան և «Հույսի» մրցանակների դափնեկիր (1996թ.), Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000թ.), Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001թ.) և այլն: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: