Այս ՀԱՅԸ եղել է Ազգային ժողովի պատգամավոր․ Փորձել է աղքատներին ձրի կրթություն տալ, կանանց վիճակը բարելավել․ Գիտե՞ք որ հենց ՆՐԱՆ Է վերագրվում «Կիլիկիա» երգի ստեղծումը․

Գրող, փիլիսոփա, մանկավարժ ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆԸ 1863թ-ից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան և մի շարք տարիներ ղեկավարել է նրա նիստերը, հանդես բերելով ազգային հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին ձրի պարտադիր կրթություն տալու, կանանց հասարակական վիճակը բարելավելու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն։ Նրան է վերագրվում նաև «Կիլիկիա» հանրահայտ երգի ստեղծումը։ Եվրոպական առաջադեմ գրականությունը հայ միջավայրում տարածելու նպատակով կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է փիլիսոփայությամբ։ Կայսերական բժշկական ուսումնարանում նա դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա, որի ընթացքում մշակած իր ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսաիայության հետևողությամբ լավագույն հեղինակաց ընտրողական դպրոցի» խորագրով աշխատությունում (ֆրանսերեն՝ 1876թ., հայերեն՝ 1879թ.)։ Փիլիսոփայությունը, ըստ նրա, գիտություն է մարդկային բանականության մասին, որը մարդուն բարոյական կատարելության է հասցնում՝ ուղղելով նրա միտքը դեպի ճշմարիտը, բարին և գեղեցիկը։ Քանի որ փիլիսոփայության բուն իմացական նպատակը մարդու հոգեկան կամ մտավոր աշխարհի բանական ճանաչումն է, այն պետք է սկսվի մարդու հոգեկան բովանդակության վերլուծությունից։ Ինքնազննման շնորհիվ բացահայտվող հոգեկան աշխարհը բաղկացած է երեք բացարձակ սկզբունքներից՝ անհուն գեղեցիկից, անհուն ճշմարիտից և անհուն բարուց։

Թեև սրանք սերտորեն միահյուսված են, սակայն ճանաչողությանը ներկայանում են առանձին-առանձին։ Ուստի ճանաչողությունը, որը նույնպես հոգեկան երևույթ է, հոգու կարողություն, պետք է իրագործվի այդ երեք բացարձակ սկզբունքներին համապատասխան ձևերի մեջ։ Հետևաբար, գեղագիտությունը, տրամաբանությունը և բարոյագիտությունը հոգու ճանաչողական համապատասխան կարողությունների գործնական դրսևորումներն են կամ երեք բացարձակ սկզբունքներով պարփակված հոգու ինքնիմացության երեք միջոցները։ Բարձր է գնահատել փիլիսոփայության հասարակական ղերը։ Մահացել է Կոստանդնուպոլսում: