«4 կողմից ՀԱՅԵՐԸ օղակված էին թուրքերով, բայց չէին մտածում անձնատուր լինելու մասին». ինչպե՞ս 42-օր տևած պաշտպանությունը դարձավ ՀԱՅ ժողովրդի փրկությունը

Շատախը հայտնի էր իր ազատատենչ ոգով: Այստեղ գրեթե բոլոր հայերն ունեին զենք և նախապատրաստվել էին թուրքական հարձակմանը:

Շատախի հերոսամարտ, Վանի վիլայեթի Շատախ գավառի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ 1915 թ. ապրիլ-մայիսին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վանի հայատյաց կուսակալ Ջևդեթն առաջին հարվածն ուղղեց շատախցիների դեմ։ 

Նա զորք ու թնդանոթներ ուղարկեց գավառի կենտրոն Թաղ (200-250 տուն հայ բնակիչ), ուժեղացրեց ոստիկանական ջոկատները գյուղերում։ Միաժամանակ քրդական ցեղերից կազմվեցին հրոսակախմբեր, որոնք կոտորելու էին հայերին։ Ջևդեթի հրամանով 1915 թ. փետրվար-մայիսին Թաղում ու Շատախի այլ բնակավայրերում կազմակերպվեցին մի շարք ձերբակալություններ ու սպանություններ, ինչն ալեկոծեց գավառի ողջ հայությանը։ 

Միայն Կենտրոն թաղում 115 հայ մարտիկները կռվում էին 200 կանոնավոր թուրք զինվորների և մի քանի հազարի հասնող քրդական հրոսակների դեմ: Թուրքական զորքով 4 կողմից օղակված շատախցիները չէին մտածում անձնատուր լինելու մասին, այլ վճռականորեն մարտնչում էին թշնամու դեմ:

Դրությունն ավելի սրվեց, երբ ապրիլի 3-ին սպանվեցին օսմանյան խորհրդարանի անդամ Իշխանն ու նրա ուղեկիցները, որոնց Ջևդեթը Վանից ուղարկել էր Շատախ՝ «խաղաղություն» հաստատելու։ Շատախի հայությունը, կռահելով վերահաս վտանգը, որոշեց դիմել ինքնապաշտպանության։ Կազմվեց զինվորական մարմին, որի մեջ մտան Տիգրան Բաղդասարյանը, Ազատ Սիմոնյանը, Սամվել Մեսրոպյանը և ուրիշներ։ Շատախի կենտրոն Թաղը կազմված էր Վերին, Ներքին ու Ջրաղացի թաղերից։ Հայերը կենտրոնացան առաջին երկու թաղերում, իսկ թուրքերը երրորդում։ Ապրիլի 4-ին թուրքերը կրակ բացեցին հայերի վրա։ Համառ մարտերը շարունակվեցին մինչև մայիսի սկիզբը։ Թուրքերին հաջողվեց գրավել շրջակա մի շարք գյուղեր և պաշարել Թաղը։ Սակայն հայերը չընկճվեցին և կռվեցին անձնուրաց. մասնակցում էին նաև կանայք ու երեխաները։ Ձախողվեցին թշնամու բոլոր հարձակումները։ Շուտով մոտեցան ռուսական զորքերը, և թուրքերը նահանջեցին։ Մայիսի 12-ին ռուսական զորքերի շարքերում գործող կամավորները մտան Թաղ։

Շատախի 42-օրյա ինքնապաշտպանության և հերոսամարտի հաղթական ավարտից հետո այն միացավ Վանի հայկական նահանգապետությանը: