Աշխարհից կտրված նկարիչը․ այս ՀԱՅԻ վրձնին են պատկանում մի շարք հայտնի կանանց կերպարներ

«Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես այն երեւում է մեր աչքին»: Սա ժողովրդական ու հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցի խոսքերն են։ Սուրենյանցի աչքին կյանքը երեւում էր այնպես, ինչպես կարող էր տեսնել ոչ միայն նկարչի, այլեւ մտածողի աչքը։

Նա գույներից բացի տեսնում էր տառապանքի երեւացող ու չերեւացող ծալքերը. նրա «Ծերունին» թվում է կյանքից հոշոտված, սակայն հպարտ ու աննահանջ… Սուրենյանցի գեղանկարները, կերպարները շարժուն են, հարուստ կենսագրությամբ, որ դիտողին տանում են այն միջավայրը, որի պատմությունն ու գույները վարպետությամբ հաղորդում է նկարիչը։

Սուրենյանցի կերտած կանայք տարբեր միջավայրերում են, պատմության տարբեր հարթություններում, տարբեր ճակատագրերի գերյալներ. նրանց ընդհանրացնում է գեղեցկությունը, բայց ոչ երբեք՝ ներաշխարհային ապրումների երանգները…Նրա կերտած կանանցից են Շամիրամը («Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»,1899), Սալոմե («Սալոմե», 1907), Զաբել թագուհին («Զաբել թագուհու վերադարձը»,1909), ասպետի կինը («Ասպետի կինը», 1909) կերպարները։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։