Դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանը եղել է տաղանդավոր ՀԱՅ դերասանի եղբայրը. ՆԱ նաև սերտ կապեր է ունեցել Ա.Շիրվանզադեի, Գ. Չուբարի և այլոց հետ

Դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը ծնվել է 1858 թվականին Շամախիում։ Եղել է դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։

Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտել է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցել է տեղական խոշոր ձեռնարկողներին։

Տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դարձել է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նվիրվել է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտել «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրել է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։

Հեղինակել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903թ., «Միկիչի հար սանիքը», 1903թ. և այլն) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911թ.)։ 1880թ-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։

1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895թ.), «Միկիչի ապահարզանը» (1899թ.), «Նավթի Ֆանտանը» (1896թ.), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909թ.), «Պոետի երազը» (1909թ.), «Նշանվածները» (1912թ.), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։

Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։ Սերտ կապերի մեջ է եղել Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գևորգ Չուբարի հետ։ Մահացել է Դոնի Ռոստովում 1940 թվականին։