«Դժբախտաբար, իմ ժամանակը չհամընկավ մեր մեծերի ժամանակի հետ»․ դերասան, ով հանդիսատեսին տալիս էր ավելին, քան նրանք սպասում էին

Մեծ կշիռ ունի Գուժ Մանուկյանի դերը հայ թատերական կյանքում։ Այս արվեստագետի վաստակը մեծ է նաև հայ կինոարվեստում: Նրա մարմնավորած յուրաքանչյուր դեր, առանձնանում է իր կոլորիտով։

Մի անգամ Մանուկյանն ասել է․ «Բեմ բարձրանալիս ինձ համար նշանաբան է եղել՝ «Հանդիսատեսին տալ ավելին, քան նա սպասում է»: Երբեք չեմ ձգտել որեւէ դեր խաղալ զուտ խաղացած լինելու համար: Գիտեք, երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է: Բայց երբ արդեն անուն ես ձեռք բերել, վաստակել ես հանդիսատեսի սերը, հարցականի տակ դնել այդ ամենը՝ վտանգավոր է… Ես միշտ ձգտել եմ էկրանին երեւալ ուշ-ուշ: Ինչո՞ւ: Որովհետեւ պիտի հնարավորություն տաս հանդիսատեսին քեզ կարոտելու»:

Որքան էլ որ պատկառելի թիվ են կազմում նրա խաղացած կինոդերերը, դերասանը ասել է․ «Դժբախտաբար, իմ ժամանակը չհամընկավ մեր մեծերի ժամանակի հետ, որպեսզի կարողանայի նրանց հետ շփվել գոնե էկրանում: Էպիզոդներ եղել են, բայց որպես խաղընկեր՝ բախտ չի վիճակվել: Փոքրիկ կտորներ կան Ավետ Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի, Ֆրունզի հետ: Միակն այն է, որ «Սգավոր ձյունը» կինոնկարում մոտիկից շփվեցինք ես եւ Արմեն Ջիգարխանյանը՝ կերպավորելով երկու եղբայրների դերեր…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։