ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԸ տեսավ ՆՐԱՆ ու բացականչեց. «Սա արդեն այն է, ինչ ուզում էի». ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ դերասանուհին և բեմի «Մամիկը», ով հիասքանչ կերտեց 250-ից ավելի դեր

«Թիֆլիսի օրիորդաց վարժարանում, ուր սովորում էի 1919 թվականին, հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի: Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան: Անուշի դերը հանձնարարված էր ինձ: Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը եւ Արմեն Տիգրանյանը: Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին եւ ասացին, որ իմ տեղը թատրոնն է: Վերջ: Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար եւ այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին…»:

Արուս Ասրյան 

Մայր թատրոնի բեմում Արուս Ասրյան ստեղծում է փայլուն կերպարներ, որոնցից առանձնանալի էին մանավանդ մայրերի եւ մամիկների դերակատարումները՝ Մարգարետ. «Բրոուդի ամրոցը», Հեղինե՝ «Գարնան անձրեւ», Մարե՝ «Հանրապետության նախագահը», Նուբար՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», Անուշ՝ «Բաղդասար Աղբար», Տատիկ՝ «Իմ սիրտը լեռներում է», Լուիզա՝ «Սեր եւ խարդավանք», Նաստյա՝ «Հատակում»… Եվ այսպես՝ շուրջ 250 ամենատարբեր դերեր՝ ամենատարբեր ներկայացումներում: Եվ այդ կերպավորումներով սքանչանալու էր ոչ միայն թատերասեր հասարակությունը, այլեւ թատերական տեսաբանները, մեծահամբավ իր խաղընկերները:

Հանճարեղ ու անգերազանցելի Վահրամ Փափազյանը եւս գնահատանքի խոսք էր ասելու. «Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը եւ շեշտված դերապատկերների նասխասիրությունը: Հիանալի սուբյեկտ է եւ միեւնույն ժամանակ՝ կատակերգու»: 

Բեմական հարուստ ժառանգությանը զուգահեռ, սիրված դերասանուհին իր խոսքն է ասել նաեւ հայկական կինոարվեստում. մեզանից ո՞վ չի հմայվել 1940-ին ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանի նկարահանած «Քաջ Նազար» ֆիլմով, Արուս-Ուստիանի այնքա՛ն բնական ու տպավորիչ խաղով: Իսկ 1943-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանում էր «Դավիթ-Բեկ» ֆիլմը, այնտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը փնտրտուքների մեջ էր: Դա սեւամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որը շատերն էին փորձել, բայց՝ ապարդյուն: Իսկ երբ սկսում է երգել փորձի համար հրավիրված Արուս Ասրյանը, Բեկնազարյանը բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ…»: Իսկ դերասանուհին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Տատիկի գրեթե անխոս դերում արդեն բացահայտել էր նաեւ երգելու անուրանալի իր շնորհը: Եվ երգել էր հայ մարդու հոգու երգը՝ «Կռունկը»՝ սրտամաշ ու կարոտալի…