«Իրեն վտանգելով դուրս էր բերել 21 օր շարունակ շրջափակման մեջ մնացած զինակիցներին». ՀԵՐՈՍ Վաղարշակին բոլորը Բյուրականի Վաղո էին ասում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր հայրենիքի համար զոհված անմար լույսերից ևս մեկին. Վաղարշակ Սերյոժայի Գալստյան:

Մեր հերոս Վաղարշակը ծնվել է 1989 թվականին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Դրա համար նրան բոլորը Բյուրականի Վաղո էին ասում: Սեպտեմբերի 27-ին հենց առաջին ժամերից նա ոտքի է կանգնել, մեկնել առաջնագիծ, որ տղերքի ու հայրենիքի կողքին լինի:

Համար մարտեր է մղել Հադրութում ու թեժ մարտեր մղելու հետ նաև շրջափակումից դուրս էր բերել 21 օր շարունակ շրջափակման մեջ մնացած զինակիցներին: Ու մինչև վերջին պահն էլ նա անզիջում պայքար է մղել:

Բայց այդ անիծված օրը՝ հոկտեմբերի 30-ին, նա էլ է անմահացել Մարտունի 2-ի թեժ մարտերում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: