ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ գրող, ում ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են մեր ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ֆիլմերը. դրանցից որո՞նք եք դիտել

Հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Զորայր Երվանդի Խալափյանը  ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։

1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։

Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Առնոլդ Աղաբաբովը։

Նրա «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր՝ Գենադի Մելքոնյան)։Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրատարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներին գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը, պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը: