ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ, ում կյանքը սկսվեց որբությամբ, իսկ ՆԱ իր ողջ կյանքը նվիրեց ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ. հենց ՆՐԱՆ վստահեցին Աստվածաշնչի ԱՌԱՋԻՆ լուրջ վերամշակումը

Հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս և հայ ժողովրդի մեծ օգնական Բենիամին Կարապետի Ժամկոչյանը ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում։ Մայրը գերդաստանի մեծերի ստիպմամբ երկրորդ անգամ է ամուսնանում և հեռանում իր երկու զավակներից՝ նրանց հանձնելով իրենց հորական տատի խնամքին։

Երեք տարեկան Բենիամինը և իր մեծ եղբայրը ուղարկվում են Խարբերդի մոտակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոցը, որը կառավարվում էր միսիոներների կողմից։ Այնուհետև նրանք ավարտում են դպրոցը, ապա մտնում են նույն միսիոներների հիմնած ուսուցչանոցը (բարձրագույն մանկավարժական կրթօջախ)։

Իր եղբոր օրինակին հետևելով, 19-ամյա Բենիամինը անդամակցում է Հնչակյան ուսանողական միությանը։ 1915 թվականի ապրիլի 21-ին ստանում է ուսուցչանոցի ավարտական վկայականը և սկսելով աշխատել որբանոցում որպես հսկիչ և հացագործ՝ ազատվում է աքսորից։ Որոշ ժամանակ անց մի քանի երիտասարդների հետ հեռանում է հաստատությունից և Երիզայում միանում զորավար Անդրանիկի զինվորներին։ Կարինի մոտ մարտի ընթացքում վիրավորվում է և բուժվելու համար տեղափոխվում Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս։ Բաթումից անգլիական նավ նստելով հասնում է Պոլիս, որտեղ գաղթականների հանձնախմբում սկսում է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ 1920 թվականին տեղափոխվում է Ադանա և Ազգային Աբգարյան վարժարանում անցնում աշխատանքի որպես ուսուցիչ։ 1921 թվականին Ադանայում իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարժարանում աշխատում է որպես տնօրեն։ Կիլիկիայի հայաթափումից հետո Ժամկոչյանը հասնում է Մերսին, որտեղից բազմաթիվ այլ գաղթականների հետ 1922 թվականի վերջին օրերին նավով տեղափոխվում է Բեյրութ։

Հաստատվելով Լիբանանում՝ Բենիամին Ժամկոչյանը տարբեր տեղերում զբաղվում է ուսուցչությամբ։  Լիբանանի «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան է վստահվում 19-րդ դարի կեսին լույս տեսած արևմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումը, որի համար օգտագործել է իրեն մատչելի բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս է տեսել 1981 թվականին։

1949 թվականին ստացել է Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի (Golden Gate University) գրականության պատվավոր դոկտորի կոչում։

Մահացել է 1984 թվականին Բեյրութում։ 1993 թվականին Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով (այժմ՝ թիվ 119 ավագ դպրոց)։