ՆԱ եկավ որպես ՀԱՅ ու հեռացավ՝ որպես ՀԱՅ. ինչու՞ ՄԵԾՆ ՍԱՐՈՅԱՆԻ առաջին ժողովածուն՝ «Հայն ու աշխարհը» արժանացավ խիստ քննադատության և ի՞նչ պատասխանեց գրողը

1934-ի հոկտեմբերին ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «Ռենդոմ Հաուսը», լույս է ընծայում հեղինակի առաջաբանով եւ քսանհինգ պատմվածքից կազմված առաջին ժողովածուն: Կարճ ժամանակում ժողովածուն բեսթսելեր է դառնում, եւ Սարոյանը մեծ համբավ է ձեռք բերում: Իհարկե, հայտնվում են քննադատներ, որոնք ամենեւին էլ չեն ոգեւորում շռնդալից գրական ասպարեզ ներխուժած նորելուկ գրողին: Տարիներ անց «Հայն ու աշխարհը» (1939) գրքի նախաբանում Սարոյանն ի պատասխան այդ քննադատների գրում է.

«Իմ զենքն աշխարհի ապականված ուժերի դեմ անաչառ աչք, անկեղծ միտք, մաքուր սիրտ եւ խանդակաթ մի ոգի է, որն ինձ ստիպում է գրել: Քննադատների գովեստներից չեմ շփացել, քննադատներից չեմ վիրավորվել… Գրելուց հետո գործս դիտում եմ որպես մի իր, որ իր սեփական կյանքն ունի…»։

Սարոյանն ասում է. «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել: Հիմա էլ, ինչ որ սկսել եմ, եթե գործն առաջ չի գնացել, գրիչս ցած եմ դրել եւ վերադարձել իմ ընթերցանությանը, կարդացել եմ Անտոն Չեխովից մի քանի էջ եւ նորից ինձ համար պարզ է դարձել, թե ինչ պետք է արվի»: Սարոյանը մշտապես բարձր է գնահատել չեխովյան գրականության նրբությունը: «Նա նրբին հոգի ունի, նրբին քնարականություն, անկեղծություն նրբին, եւ Չեխովի մոտ նույնիսկ անհաշտվողականությունը եւ արիությունը նրբին են»,- ասում է նա հարցազրույցներից մեկում, այսինքն՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են նաեւ իր գրականությանը:

1926-ին տասնութամյա Վիլյամ Սարոյանը թողնում է ծննդավայր Ֆրեզնոն եւ ուղեւորվում Սան Ֆրանցիսկո։ Այստեղ նա նախ աշխատում է որպես հեռագրատան աշխատող, այնուհետեւ՝ մարզական ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր, ապրում է վարձով տրվող խղճուկ սենյակներում, սակայն այդ ամենը ո՛չ չարացնում, ո՛չ էլ թեւաթափ է անում նրան: Այստեղ Սարոյանը հատը հինգ սենթով հնամաշ գրքեր է առնում, շարունակ կարդում է եւ իրեն երջանիկ է զգում, քանի որ Սան Ֆրանցիսկոյում մարդիկ չեն արհամարհում հայերին: Մեկ տարի անց տեղափոխվում է Նյու Յորք: Վրա է հասնում «սեւ չորեքշաբթին»՝ մեծ ճգնաժամը:

Նյու Յորքում թափառելիս Սարոյանը գիտակցում է, որ իր իսկական կոչումը գրող դառնալն է: Մինչեւ 1933 թվականը, երբ Սարոյանն արդեն քսանհինգ տարեկան էր, «Օվերլենդ Մանսլի» հանդեսում երկու պատմվածք է հրապարակում: Նույն թվականի հունվար ամսից Սարոյանը տպագրվում է «Հայրենիք» հայկական ամսագրում, իսկ «Ճոճաձողով սավառնող խիզախ պատանին» պատմվածքը ուղարկում է «Սթորի» գրական հանդեսին։ Սարոյանի պատմվածքը լավ է ընդունվում, եւ հեղինակն ստանում է առաջին հոնորարը: