Տիգրան Մեծ կերտած անվանի դերասանը․ նա խաղացել է , «Հուսո աստղ», «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը» ֆիլմերում

Հայ անվանի դերասան Գուժ Մանուկյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա կյանքը յուրահատուկ էր, կարծես ամեն ինչ նախանշված լիներ ի վերուստ։ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտը բեմական գործունեությունն սկսել է Կապանի դրամատիկական թատրոնում, հետո տեղափոխվել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն։

Իսկ վերջին հանգրվանը դրամատիկականն էր լինելու, որտեղ խաղացած առաջին իսկ դերով դառնալու էր հանդիսատեսի սիրելին, մարմնավորելու էր հոգեբանորեն բարդ ու տպավորիչ կերպարներ: Վերհիշենք ժողովրդական դերասանի լավագույն անձնավորումներից մի քանիսը՝ Սարո՝ Հովհ. Թումանյանի «Անուշ», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», Բուկինգհայմ՝ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», Բլյունչլի՝  Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը», Տիգրան Մեծ՝ Պերճ Զեյթունյանցի «Աստվածների կանչը», այլ բեմականացումներ:

Մանուկյանի արվեստը չի սահմանափակվել միայն թատերական գործունեությամբ. մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում, քսանից ավելի ֆիլմեր՝ իր մասնակցությամբ: Հիշենք մի քանիսը՝ «Հեղնար աղբյուր», «Նահապետ», «Աշնան արեւ», «Հուսո աստղ», «Կյանքի լավագույն կեսը», «Մեռիր ձիու վրա», «Սգավոր ձյունը», «Ո՞ւր ես գնում, զինվոր» եւ, վերջապես, «Հին օրերի երգը», որն օրումեջ շարունակում է ցուցադրվել հայկական հեռուստատեսության տարբեր եթերներով: Հակոբ Սրապյանի հոդվածից։