Այսօր բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է․ ՆԱ տոնում է իր 66 ամյակը․

Բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ ծնվել է 1959թ. հունիսի 6-ին, Երևանում: Բեմադրիչ Նորայր Սարգսյանի դուստրն է: 1976թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Երկու տարի աշխատել է «Երևան» հեռուստաստուդիայում, որից հետո ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ:

Ավարտել է Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որից հետո աշխատում է նույն թատրոնում` որպես բեմադրիչ: Եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական, թատերական խմբի վարիչ:

Բեմադրել է մի շարք պիեսներ` Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհի», Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար», Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս», Ա.Նիկոլաևի «Սեր մինչ մահ», Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ», Մ.Կոմուլետիի «Սիրային իրարանցում», Ռ.Բաերի «Չորս պատճառ ամուսնության համար» և այլն: