«Նա մյուսների հետ անձամբ ոչ միայն իրեր, այլեւ դաշնամուր, սեղաններ ու աթոռներ էր տեղափոխում»․ Կոնսրվատորիան ստեղծած ՀԱՅ երաժիշտը

Ռոմանոս Մելիքյանի կյանքը հետաքրքիր էր ու իրադարձություններով լի։ 1920 թվականին վրաց մայրաքաղաքում կայանում է սիրված երգահան Ռոմանոս Մելիքյանի անդրանիկ համերգը, որն իրադարձություն էր երաժշտասեր հասարակության, մանավանդ հայության կյանքում: Մեկ տարի անց Հայաստանի կառավարությունն արդեն մեծ ճանաչում ձեռք բերած արվեստագետին հրավիրում է հայրենիք՝ մայրաքաղաքում երաժշտական ստուդիա հիմնելու նպատակով:

Այդ օրերի մասին Ստեփան Զորյանը գրել է. «1922 թվականին հիմնվեց երաժշտական ստուդիան, որը հետո դարձավ կոնսերվատորիա: Ռոմանոսը, լինելով նրա դիրեկտորը, ահագին ջանք ու եռանդ գործադրեց այդ ստուդիան կազմակերպելու եւ բարեկարգ վիճակում դնելու համար: Նա այդ գործով խանդավառ էր այն աստիճան, որ բեռնակիր մշակների հետ անձամբ ոչ միայն իրեր, այլեւ դաշնամուր, սեղաններ ու աթոռներ էր տեղափոխում իր դպրոցը…»։

«Մենք իրավունք չունենք ժողովրդին անորակ գործեր տալու: Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք եւ ոչ թե իջեցնենք»,-ասել է մեծ երգահանը։ Ռոմանոս Մելիքյանի ստեղծած ստուդիան, նրա անմնացորդ ջանքերի շնորհիվ 1923 թ. դառնում է կոնսերվատորիա: Հակոբ Սրապյանի հոդվածից։