«Նրա քայլվածքն առանձնահատուկ էր։ Առաջին տպավորությունն, այն էր, որ մարդն արտիստ է»․ մեծ երգահանը

Հայ դասական ռոմանսի հիմնադիր, երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանը այն հայերից էր, ում պակասն հիմա մենք շատ ունենք։ Մելիքյանը ծնվել է Դաղստանի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում։ Նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գեւորգ Չորեքչյանն էր՝ հետագայում Գեւորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոսը:

17-ամյա պատանի էր, երբ նրան է վստահվում Նոր Նախիջեւանի Սուրբ Գեւորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան, ուսմանը զուգահեռ ժողովրդական երգեր ու շարականներ մշակում երգչախմբի համար: Մելիքյանի մասին Ստեփան Զորյանը գրել է․

«Նրա քայլվածքն առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր՝ գնում է մեկին օգնելու, մի կարեւոր գործի հասնելու, առյուծի բաշը թափ տալով: Առաջին տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից՝ այն էր, որ մարդն արտիստ է, բառիս ամենալայն իմաստով: Այո, նա արտիստ էր ոչ միայն իր արվեստի մեջ, այլեւ ընկերական կյանքում, կենցաղում, իր վերաբերմունքով…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։