ՀԱՅ հանճարեղ բանասեր, ով հավաքել և մշակել է հայ ժողովրդական ավանդազրույցները, ինչպես նաև Ն.Քուչակի քառյակները. ճանաչե՛ք ՆՐԱՆ

Բանասեր, թարգմանիչ Գևորգ Ասատուրը (Աստվածատրյան) ծնվել է 1868 թվականին Թիֆլիսում:

Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները: Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Երևանի դպրոցներում։ 1921թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում:

1887թ. լույս է տեսել գրողի առաջին բանաստեղծությունը: Նույն թվականից հավաքել, մշակել է հայ ժողովրդական ավանդազրույցներ, որոնք հրատարակվել են «Հայավանդ» (1927թ.) խորագրով:

Գրել է ուսումնասիրություններ Սայաթ-Նովայի, Շոթա Ռուսթավելու և Շամչի Մելքոյի կյանքի ու ստեղծագործությունների մասին, հրատարակել է «Մերձարևելքի գրականության պատմությունը» (1931թ.), կազմել Գաբրիել Սունդուկյանի լեզվի բառարան (2500 բառ, դարձվածք ու ասույթ):

Եղել է Սայաթ-Նովայի լավագույն գիտակ։ Մշակել է Նահապետ Քուչակի քառյակները («Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը», 1905թ.):

Կատարել է մի շարք թարգմանություններ ռուսերենից, պարսկերենից և վրացերենից (Ա.Պուշկին, Ֆիրդուս, Շ.Ռուսթավելի, Վ.Փշավելա, Ի.Ճավճավաձե և այլն): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Թբիլիսիում 1937 թվականին: