Տաղանդավոր ՀԱՅ եղբայրներից մեկը՝ Միքայել Արուտյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում. ՆԱ աշխատել է Բաքվի, Թբիլիսիի և Լենինականի թատրոններում

Գեղանկարիչ, բեմանկարիչ Միքայել Արուտյանը ծնվել է 1897 թվականին Շուշիում: Եղել է նկարիչ Սերգեյ Արուտչյանի եղբայրը:

1916թ. ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919թ.` Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցը: 1919թ. Սարատովի թատրոնում կատարել է առաջին բեմական ձևավորումը` «Փաստաբան Պատլեն»:

1919-20թթ ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում: 1921-23թթ սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924-25թթ` Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում: 1925թ. տեղափոխվել է Երևան: 

Ձևավորել է շուրջ 100 ներկայացում, նաև` գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Ստեղծել է գրաֆիկական գործեր` Գեորգի Յակուլովի, Հակոբ Կոջոյանի դիմանկարները, Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գրքերի նկարազարդումները, «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը:

1928-39թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական, 1939-49թթ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը: Լավագույն աշխատանքներից են` Ֆուրմանովի «Խռովություն», Վ.Վաղարշյանի «Օղակում», Մ.Ջանանի «Շահնամե», Գ.Սունդուկյանի «Պեպո», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական, Ա.Տիգրանյանի «Անուշ», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին», Պուչչինիի «Տոսկա», Ա.Այվազյանի «Թափառնիկոս», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները:

Արմեն Գուլակյանի հետ

Ներկայացումներ է ձևավորել նաև Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի թատրոններում: Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանված «Խասփուշ» (1927թ.), «Զամալլու» (1928թ.), «Պեպո» (1935թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.) և այլ ֆիլմերի բեմադրող-նկարիչը:

1958թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում 1961 թվականին: