«Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» երգերի հեղինակը․ կոմպոզիտոր, ով շրջագայել է ամբողջ աշխարհով

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում:

1985-90թթ աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակչական կենտրոնում, 1991-92թթ՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես երաժշտական ղեկավար: Իր երաժշտական գործունեության ընթացքում աշխատել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում, Սիրիայում և այլուր:

1997-2011թթ հանդիսացել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը: Այդ տարիներին նվագախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեայի հետ: Հեղինակել է նաև «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» և այլ ստեղծագործություններ:

Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչ-երգչուհիների հետ՝ Ալ Ջարու, Շառլ Ազնավուր, Չիկ Կորեա, Ջիվան Գասպարյան, Հերբի Հենքոք և այլք: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք, որտեղ աշխատում է սեփական ստուդիայում: