Լայնախոհ, բարի ու կամեցող հայացքով ՄԱՐԴԸ․ նա բոլոր ժամանակների մեծագույն դերասանն էր

Ավետ Ավետիսյան մարդը, իր կերտած կերպարների մի մասնիկն է ու կատարյալ հակադրությունը։ Նրա անձը առավել ներդաշնակ էր` լայնեզր գլխարկը ձեռքը, շատ բան տեսած, լայնախոհ, բարի ու կամեցող հայացքով։ Ավետ Մարկոսի Ոսկանյանը (որ հետագայում, հավանաբար` բարեհնչունության համար ազգանունը փոխարինել է Ավետյանով կամ Ավետիսյանով) ծնվել է արհեստավորի ընտանիքում` 1897 թ. նոյեմբերին, Թիֆլիսում։

Մեծ դերասանը սովորել է Ներսիսյան դպրոցում, այդտեղ էլ բեմական առաջին քայլերն արել, աշխատել մանուֆակտուրայի խանութում` աշակերտ, իսկ 1916-ին` Առաջին համաշխարհայինի ժամանակ, զորակոչվել բանակ, պարգեւատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով, ինչպես նաեւ բազմաթիվ աշխատանքային ու պատվո մեդալներով, ստացել բարձրագույն կոչումներ։

Ավետ Ավետիսյանի բեմական բուն գործունեությունն սկսվել է բանակից զորացրվելուց հետո. խաղացել է Բաքվում, Թիֆլիսում` Հովհաննես Աբելյանի, այնուհետեւ Ղարաքիլիսայում (Վանաձոր)` Համո Խարազյանի թատերախմբերում։ Ի վերջո, 1922 թ., Ավետ Ավետիսյանը տեղափոխվում է Երեւան, մասնակցում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրմանը եւ խարիսխ գցում այնտեղ՝ մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնալով մայր թատրոնին, նկարահանվում բազմաթիվ ֆիլմերում։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։