Հայկական օպերային արվեստի հիմնադիրը․ նա ստեղծագործում էր այնպես, ինչպես զինվորները մարտնչում էին առաջանագծում

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը համարվում է հայերի պարծանքը։ Նա ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական օպերային արվեստի հիմնադիրը: Լինելով առաջին արևելցի կոմպոզիտորը, որ մասնագիտական բարձր կրթություն է ստացել, նախաձեռնել է Արևելքի և Արևմուտքի երաժշտարվեստների մերձեցման գործը:

Դաստիարակվել է գեղարվեստասեր ընտանիքում: Դպրոցական տարիներին նրա երաժշտական հակումների դրսևորմանը նպաստել է պոլսահայ երաժիշտ Գաբրիել Երանյանը, իսկ առաջին կանոնավոր պարապմունքները մի քանի տարի ղեկավարել է իտալացի պոլսաբնակ մանկավարժ Չ.Մանձոնին:

Կոմպոզիտորի պատանեկության ու երիտասարդության տարիները համընկել են այն ժամանակների հետ, Արևելյան Հայաստանը ազատագրվել էր պարսկական լծից: Արևմտյան Հայաստանը շարունակում էր թուրքական բռնապետության դեմ անհավասար պայքարը, որի արտահայտություններից մեկն էր Զեյթունի հերոսական ապստամբությունը:

Այս պայմաններում և իտալական օպերային խմբերի հյուրախաղերի տպավորության տակ հայ հասարակության առաջադեմ ներկայացուցիչները ազգային օպերա ունենալու երազանքներ էին փայփայում: Դրանց մեջ էր երիտասարդ կոմպոզիտորը, ով հայրենասիրական երգեր էր հորինում: Նա այնպիսի հայ էր, ով մինչև վերջ քայլեց իր հայրենիքին զուգընթաց՝ կերտելով իր երկրի պայծառ ապագան։