Ինքնատիպ ՀԱՅ օպերային երգիչը, ով պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով

Այս հոդվածում խոսելու ենք հայ մեծ գրող Նար-Դոսի որդի Նար Հովհաննիսյանի մասին։ Ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Տաղանդավոր գրողի տաղանդավոր որդին մասնագիտացել էր երգարվեստի մեջ։ Նրա երգը չընդհատվեց նաև կրակի դաշտում.

Ճակատում կազմավորվել էր երգի ու պարի անսամբլ, եւ Նարի բասը անսամբլում հզոր, հաղթական ձայնով ոգեւորում էր թշնամու դեմ մարտնչողներին։ Երգիչը խիզախորեն մարտնչում էր Հյուսիսային Կովկասում, իսկ 1943 թ. ծանր կոնտուզիա ստանալու պատճառով տեղափոխվում է հոսպիտալ, հետո Մոսկվա ու նախքան հայտնի երգիչ դառնալը հաստատվում որպես հայրենիքի նվիրյալ մարտիկ` պարգեւատրվելով Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Միայն զենքը վայր դնելուց ու ապաքինվելուց հետո սկսվեց Նար Հովհաննիսյանի ստեղծագործական ու բեմական բուն կյանքը… Հովհաննիսյանի երգապնակը հարուստ էր։ նա երգում էր հստակ ու պարզ առոգանությամբ, մատուցման վարպետությամբ, ունկնդրին գերող հուզականությամբ։

Երգացանկն ընդգրկում էր տարբեր ոճերի` հայ, ռուս, այլազգի, ինչպես դասական, այնպես էլ ժամանակի երգահանների ստեղծագործություններ։ Նրա կատարմամբ «Ախ մարալ ջան, էրվում եմ», «Երազ», «Գետակի վրա թեքվել է ուռին», «Պարսկական երգ», «Օ, վարդ, ջահել իմ օրերի» հանդիսատեսի համար ամեասիրելին էին։ Հովհաննիսյանն իր տաղանդով ու դերասանական արվեստով ինքնատիպ օպերային երգիչ էր եւ բազմաթիվ մեներգերի հրաշալի կատարող ու մատուցող։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։